Skip to main content
Հետադարձ կապ

Հղիություն․ վախեր, կասկածներ, կեսարյան հատում, «կարելիներ ու չիկարելիներ»

Ցանկալի հղիությունը կնոջ կյանք միաժամանակ երկու փոփոխություն է բերում՝ հրաշքի սպասում և բուռն տեղաշարժեր ֆիզիկական և հոգեկան առողջության ոլորտներում։

Մենք փորձել ենք մեկ հարցազրույցում անդրադառնալ ապագա մայրերին ամենից շատ հուզող հարցերին։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ զրույցից դուրս բերած կարևորագույն 11 կետերը՝ ստորև։

  1. Հղիությունը հիվանդություն չէ։ Եթե կինը նախկինում լողով է զբաղվել, ապա կարող է շարունակել, պարզապես որոշ սահմանափակումներով՝ օրինակ՝ չցատկել բարձր տեղերից։ Եթե կա ուղեկցող որևէ հիվանդություն, ապա հաճախ խորհուրդ է տրվում ժամանակավորապես դադարեցնել լողի պարապմունքները։ Տարվա տաք ամիսներին շատերը հանգստանում են, ծով են մեկնում, լողավազան են գնում: Եթե չկա ծանր մանկաբարձական հակացուցում՝ առաջադիր ընկերք, երեխային կորցնելու հավանականություն, ապա բոլոր հղիներին թույլ ենք տալիս վայելել ջուրն ու ջրային զբաղմունքները՝ պահպանելով անվտանգության կանոնները՝ արևի տակ լինելու ժամեր, արևապաշտպան քսայուղեր, հրաժարում ջրային էքստրեմալ մարզաձևերից, հատընտիր սնունդ՝ խուսափելու թունավորումներից և այլն։
  2. Ամբողջ աշխարհում միտումը շատ հստակ է՝ հղիի հաշվառումն իրականացնել հղիության առաջին եռամսյակում՝ ծանոթություն բժշկի հետ, կլինիկա-լաբորատոր տվյալների թվայնացվում և այլն։ Այսինքն՝ բժիշկը հետազոտում է հղի կնոջ օրգան համակարգերի վիճակը։ Սա օգնում է ժամանակին դուրս բերել հնարավոր բոլոր խնդիրներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել։ Գինեկոլոգին պետք է դիմել դաշտանի ուշանալուց մեկ ամիս անց ավելի շուտ իմաստ չունի, ուշացնել էլ չի կարելի։
  3. 40-ից բարձր տարիքի առաջնածինները համարվում են հասակավոր այս դեպքում մեծանում է երկրորդային բարդությունների հավանականությունը՝ բարձր ճնշում, ուղեկցող հիվանդություններ և այլն։ Նրանք համարվում են բարձր ռիսկի խումբ։ Բայց նույնիսկ դա չի նշանակում, որ նրանք պարտադիր պետք է ծննդաբերեն կեսարյան հատման ճանապարհով։ Եթե կինն ունի մարմնի նորմալ կառուցվածք, չունի ուղեկցող որևէ հիվանդություն, պտուղը ճիշտ անդամադասավորված է, ծննդաբերությունը սկսվել է ինքուրույն, ապա 40 տարեկան կինը կարող է ծննդաբերել շատ լավ:
  4. Բժշկագիտության մեջ դեռ չկան հստակ ապացուցողական պնդումներ, թե հղիության ընթացքում թույլատրելի կամ անթույլատրելի են կոսմետոլոգիական միջամտությունները։ Պնդումը, թե հղիության ընթացքում, օրինակ, չի կարելի աճեցնել եղունգները՝ գրեթե անհիմն է։ Այդ պնդման տակ չկան գիտական ուսումնասիրություններ։ Իսկ մազերը ներկելու հետ կապված գրականության մեջ կա հստակ ցուցում՝ խուսափել ամոնյակից։ Ինչ վերաբերում է մազահեռացման պրոցեդուրաներին, ապա այստեղ շատ բան կախված է սարքավորումներից՝ այսինքն՝ տվյալ սարքը կարելի՞ է կիրառել հղիների հետ աշխատանքում, թե՞ ոչ։ 
  5. Այլ բան է, որ կոսմետոլոգիական որոշ պրոցեդուրաներ (եթե անգամ լիարժեք անվտանգ են հղիության համար) առաջացնում են ցավ, իսկ հղիության ընթացքում ցավն անցանկալի բան է։ Ցավը կարող է պրովոկացնել վաղաժամ ծննդաբերության և նույնիսկ հղիության կորստի։ Առաջարկում եմ առաջնորդվել նժարի սկզբունքով՝ մի կողմում հղիության հանգիստ ընթացքն է, մյուսում՝ կոսմետոլոգիական միջոցառումը ո՞րն է նախընտրելի հղիի համար։
  6. Այսօր շատ հղիներ ունեն հղիությունը կորցնելու վախեր դրանց մեծ մասը չհիմնավորված է։ Այստեղ գործ ունեն անելու բարեհաջող հղիություն տարած կանայք, որոնք կարող են կիսվել իրենց փորձով։ Սովորաբար ինչպե՞ս է լինում՝ դրական փորձառություն ունեցող կանայք իրենց փորձի մասին խոսում են մտերիմների հետ, իսկ նրանք, որոնք որևէ բարդություն են ունեցել՝ այդ փորձի մասին խոսում են ամենուր, այսօր հատկապես՝ սոցցանցերում։ Նորաթուխ հղիներն էլ լսում են այդ պատմություններն ու իրենք իրենց «շրջապատում» են վախերով։
  7. Հղիների համար նախատեսված խմբակները շատ լավ են անդրադառնում կանանց հոգեվիճակի վրա։ Դրանք նաև օգնում են հաղթահարել նստակյացությունը, ինչն իհարկե լավ է անդրադառնում կնոջ քաշի ու ինքնազգացողության վրա։
  8. Մենք սովորել ենք հեշտ ապրել՝ մեքենաներն ավտոմատ են, հեռախոսները սմարթ են և այլն։ Ստացվում է, որ հեշտ ապրելու միտումը կանայք փորձում են մտցնել նաև մանկաբարձության ոլորտ դա արտահայտվում է առանց բժշկական ցուցման կեսարյան հատումների դիմումների աճող թվերով։ Դրա դեմ ամբողջ աշխարհն է պայքարում այսօր։ Կանայք ուզում են պլանավորել՝ ծննդաբերությունն իրենց սիրելի օրը լինի, իրենց ուզած ժամին՝ հղիությունը լինի կառավարելի։ Կեսարյան հատումների թիվն այսօր հասել է 45-48%-ի։ Մեր թիմն անում է ամեն ինչ, դիմում է հնարավոր բոլոր միջոցներին, որպեսզի բժշկական ցուցում չունեցող հղիները չդիմեն կեսարյան հատման։
  9. Կեսարյան հատումը վիրահատական միջամտություն է մի օրգանի վրա, որը ֆունկցիոնալ է, իսկ յուրաքանչյուր կտրած օրգան որոշակիորեն վիրավոր է ու սկսում է վատ աշխատել, իսկ եթե կինն ունենալու է նաև 2-րդ, 3-րդ երեխա, ապա ստացվում է, որ այդ վիրավոր օրգանն ամեն անգամ փորձության է ենթարկվելու՝ ռիսկերն են շատանում։ Իսկ եթե ապագայում կինն ունենա որովայնի հետ կապված վիրահատություն, ապա վիրաբույժը հանգիստ չի աշխատելու: Շատ կանայք, իհարկե, նախընտրում են չլսել այս ամենը։
  10. Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի ուժեղ են և ավելի առողջ։ Կինը, որը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ ընդամենը երկու ժամ անց լիարժեք մարդ է։ Ես դեռ չեմ տեսել կնոջ, որը մեկ անգամ ծննդաբերել է բնական ճանապարհով, մյուս անգամ՝ կեսարյանով ու ասում է, որ ավելի լավ է, հեշտ է կամ ցանկալի է կեսարյան հատման տարբերակը։ Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական ճանապարհով ծննդաբերած կանանց 77%-ը հեռացել է ծննդատնից առանց որևէ խնդրի, իսկ կեսարյան հատումից գոհ են 22%-ը։
  11. Հաճախ է պատահում, երբ հղիները «սթափեցնում» են բժիշկներին՝ ասելով «Հղիության 40 շաբաթն անցել է, դուք չե՞ք անհանգստանում»: Իսկ մենք գիտենք գլխավորը՝ չկա մի կին, որ ծննդաբերի մյուսի նման։ Բժշկագիտությունն ունի կանոններ, և մասնագետը պարտավոր է սպասել մինչև 42-րդ շաբաթը։ Կա վիճակագրություն՝ ինքնուրույն սկսված ծննդաբերությունները բարդություններից գրեթե զերծ են։ Եթե չկա բժշկական ցուցում, ապա պետք է սպասել մինչև 42-րդ շաբաթը, որից հետո կսկսի ծննդաբերական գործունեությունը։ Իհարկե, այդ ամբողջ ժամանակահատվածում մասնագետը պետք է կապ պահի հղիի հետ, հսկի։

Դիտե՛ք ամբողջական զրույցը՝ ստորև

Նույնաբովանդակ այլ նյութեր