Skip to main content
Հետադարձ կապ

Հղիություն. պատրաստվե՞լ, թե՞ թողնել բախտի քմահաճույքին

Երբեմն ամուսնական զույգերը չեն հետաքրքրվում ընտանիքի պլանավորմամբ, հատկապես առաջին հղիության դեպքում՝ վստահ լինելով, որ բավական է միայն ցանկանալը: Հարցին ավելի լուրջ են վերաբերվում հասուն (փորձառու) զույգերը, այն էլ, եթե նախկինում ունեցել են խնդիրներ՝ արտարգանդային հղիություն, անպտղություն, առողջական խնդիրներ և այլն:

Հղիության պլանավորման մասին զրուցել ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, Բ.Գ.Դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Կարինե Առուստամյանի հետ:

Առանձնացրել ենք 11 հիմնական կետեր, որ պետք է իմանա յուրաքանչյուր զույգ, որը ցանկանում է երբևէ դառնալ ծնող կամ ունենալ 2-րդ, 3-րդ, 4-րդ... երեխան:

Այս գիտելիքներն անհրաժեշտ են բարեհաջող բեղմնավորման, առանց «ցնցումների» հղիության և իհարկե, առողջ երեխա լույսաշխարհ բերելու համար:

1. Շատ զույգեր վստահ են, որ «ճանապարհային քարտեզը» գրված է «էն գլխից» ու փոփոխության ենթակա չէ՝ կամուսնան, հետո կլինի հղիություն, հետո էլի հղիություն և այլն. ի՞նչ կարիք կա մտահոգվել պլանավորման մասին: Միևնույն ժամանակ, զույգը, որն ուզում է երեխա ունենալ գիշեր-ցերեկ երազում է, որ երեխան առողջ լինի: Հղիության պլանավորման նպատակն է նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը, ապահովել, որ տեղի ունենա նորմալ բեղմնավորում, պտղի նորմալ զարգացում և նորմալ ծնունդ:

2. Որպեսզի տեղի ունենա բեղմնավորում անհրաժեշտ է երկու սեռական բջիջ՝ կնոջ ձվաբջիջն ու տղամարդու սերմնաբջիջը: Դրանք զարգացման երկար պրոցես են անցնում, բայց վերջին՝ այն ժամանակահատվածը, երբ այդ բջիջները պատրաստվում են բեղմնավորման, տևում է մոտավորապես 3 ամիս և այդ ժամանակահատվածում դրանք խիստ զգայուն են վնասակար ցանկացած գործոնի նկատմամբ: Ահա թե ինչու է կարևոր պլանավորել հղիությունը, ունենալ այդ առնվազն երեք ամիս ժամանակահատվածը:

3. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձևակերպման, կնոջ վերարտադրողական տարիքը 15-49-ն է, իսկ տղամարդունը՝ 16-59-ը: Սրանք տարիքային այն միջակայքներն են, երբ տղամարդն ունակ է բեղմնավորել, իսկ կինը՝ բեղմնավորվել և ծննդաբերել: Ամենաօպտիմալ ժամկետը համարվում է 20-35 տարեկանը:

4. ԱՀԿ-ն ասում է՝ առողջությունը մարդու ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցիկ վիճակն է: Հղիությանը պատրաստվելիս պետք է ուշադրություն դարձնել վերը բերված բոլոր գործոններն: Հղիության պլանավորումը սկսվում է այն պահից, երբ զույգը որոշում է երեխա ունենալ: Որոշումն ուղղակի սքանչելի է, բայց կարճ ժամանակ անց ամեն մեկն իր հերթին ինքն իրեն պետք է հարցնի՝ ես պատրա՞ստ եմ դառնալ ծնող, գոնե առ ժամանակ հրաժեշտ տալ ազատ ժամանցիս, անցկացնել անքուն գիշերներ, կրել կենցաղային հոգսեր և այլն: Պատրա՞ստ եմ իմ ժամանակը նվիրել երեխային՝ հոգ տանել, խնամել, երգել, կարդալ նրա համար, խաղալ նրա հետ, գրկել, սովորեցնել, չէ՞ որ երեխան միայն «գրկիկ-պաչիկների» համար չէ: Իսկ հետո մյուս հարցը՝ ինչո՞ւ եմ ցանկանում երեխա ունենալ: Սա մեծ ազնվություն պահանջող հարց է, որի պատասխանը թե՛ կին, թե՛ տղամարդ պետք է ունենան: Հետո անցնում ենք սոցիալական բնույթի հարցերին: Եթե ծնողները աշխատում են՝ արդյո՞ք նրանցից մեկը կարող է առ ժամանակ թողնել աշխատանքը, արդյո՞ք կկարողանա հետո վերադառնալ իր գործին, իսկ եթե վերադարձավ՝ ո՞վ է խնամելու երեխային: Իսկ եթե ծնողները սովորում են՝ կկարողանա՞ն հետո բավականաչափ ժամանակ տրամադրել ուսմանը:

5. Եթե հարցի սոցիալ-հոգեբանական կողմը լուծված է (գումարենք նաև ֆինանսականը, քանի որ երեխայի ծնունդը և խնամքը ենթադրում են մեծ ու փոքր ծախսեր), ապա հաջորդ քայլը գինեկոլոգին դիմելն է: Բժիշկն է բեղմնավորման համար «կանաչ լույս» տվողը: Նրա խնդիրն է գնահատել բոլոր ռիսկերը, վտանգները, վնասակար գործոնները, որոնք կարող են ազդել առողջության վրա: Բժշկի պետք է դիմել զույգով: Մի քանի կետով նկարագրենք առաջին այցը: Մասնագետը զրուցում է ու պարզում կնոջ և տղամարդու կրած հիվանդությունները մանկական, դեռահասության և արդեն վերարտադրողական տարիքում, քանի որ դրանցից ցանկացածը կարող է ունենալ ազդեցություն: Օրինակ՝ տղամարդը նախկինում տարել է ծանր խոզուկ՝ դա կարող է ազդել սպերմատոգենեզի վրա, կինը տարել է կույր աղիքի վիրահատություն, և կարող են լինել կպումներ և այլն: Մասնագետը նաև գնահատում է կնոջ դաշտանային ֆունկցիան, զույգի ընտանիքների առողջությանն առնչվող հարցերը՝ ում ընտանիքում ինչպիսի հիվանդություններ կան. դրանք հուշում են բժշկին, որ ապագայում կարող են լինել պտղի զարգացման արատներ, ժառանգական հիվանդություններ, հետևաբար, պետք է մտածել այդ ուղղությամբ և խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ: Արվում է ֆիզիկական քննություն՝ կնոջ հասակը, քաշը, ճնշումը: Գինեկոլոգիական զննում՝ գնահատվում է կնոջ սեռական օրգանների վիճակը: Տղամարդու հետազոտություններն իրականացնում է անդրոլոգը: Այս ամենից հետո որոշվում է անհրաժեշտ հետազոտությունների քանակը:

6. Հետազոտությունների ցանկը որոշում է բժիշկը՝ ելնելով զույգի առողջական վիճակից: Օրինակ՝ եթե կինը երբեք չի ունեցել դաշտանային ցիկլի խախտումներ, չկան հորմոնալ խնդիրների մասին վկայող ախտանշաններ, ապա բժիշկը չի նշանակի 20 (պայմանական) հորմոնի անալիզ: Հնարավոր է առաջանա ինֆեկցիաների, սեռավարակների անալիզների կարիք, քանի որ այդ խմբի խնդիրները կարող են բարդություններ առաջացնել հղիության ընթացքում: Նույն կերպ կարող է առաջանալ արյան, մեզի, կրծքագեղձերի, արգանդի պարանոցի (և այլ) հետազոտությունների կարիք:  

7. Մասնագետի տված «կանաչ լույսը», սակայն, դեռևս երաշխիք չէ, որ հենց այդ ամսում և նույնիսկ այդ տարում կլինի բեղմնավորում: Վերը թվարկած հետազոտությունների պատասխանները չեն վկայում, թե չի կարող լինել անպտղություն: Այդ հետազոտությունների նպատակն է գտնել ու չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են հանգեցնել բեղմնավորման, հղիության, ծննդաբերության և երեխայի առողջության հետ կապված խնդիրների, իսկ որպեսզի մենք խոսենք անպտղության մասին՝ զույգն, առնվազն մեկ տարի, պետք է ապրի կանոնավոր սեռական կյանքով* (առանց բեղմնականխման մեթոդների), որից հետո միայն պետք է արվեն բոլորովին այլ հետազոտություններ:

8. Թեև առողջ ապրել պետք է միշտ, բայց բեղմնավորումից առնվազն երեք ամիս առաջ ԱՆՀՐԱԺԵՇՏ է՝ հրաժարվել վնասակար բոլոր սովորույթներից (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն), սնվել առողջ՝ նախևառաջ սննդացանկից բացառելով ֆասթ ֆուդը, կիսաֆաբրիկատները, սահմանափակել քաղցրը: «Սև ցուցակում» է նաև սուշին: Ապացուցված է, որ հղիները մոտավորապես 10 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն հիվանդանալու  լիստերիոզ կոչվող հիվանդությամբ, որը հաճախ լինում է չմշակված, հում ձկան մեջ: Լիստերիոզը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ հղիության և պտղի համար: Նույն խնդիրը կարող է առաջանալ, եթե հղին օգտագործում է չպաստերիզացված կաթից պատրաստված կաթնամթերք, հատկապես փափուկ պանիրներ: Առողջ սնվել նշանակում է ուտել ամեն ինչ՝ ածխաջրատներ, սպիտակուցներ և ճարպեր: Ոչ մի կնոջ խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում հետևել որևէ դիետայի՝ նպատակ ունենալով արագ վերադառնալու այն մարմնակազմվածքին, ինչ ունեցել է նախքան հղիությունը:

9. Հղիության ընթացքում պետք է հստակ տարանջատում մտցնել հետևյալ 2 հասկացությունների միջև՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ֆիզիկական ակտիվություն: Այսօր շատ նորաձև է մարզասրահներ հաճախելը: Գովելի է, երբ կանայք քայլում են, լողում, հեծանիվ են քշում. այս բոլորն օրգանիզմը հագեցնում է թթվածնով, շնչառությունն է լավացնում, բայց չափից ավելի ծանրաբեռնվածությունն անթույլատրելի է: Կարևոր է չանտեսել նաև քնելու և հանգստանալու կարևորությունը: Քնել պետք է առնվազն 8 ժամ: Քնի ընթացքում կուտակվում է էներգիա, բիոքիմիական պրոցեսներ են գնում, մի շարք հորմոններ են արտադրվում և այլն:

10. Առանց պլանավորման, առանց դժվարությունների կայացած առաջին բեղմնավորումը, հղիությունն ու ծննդաբերությունը որևէ երաշխիք չեն տալիս, որ երկրորդը նույն կերպ է ընթանալու: Պարզ օրինակ: Եթե առաջին հղիության կամ ծննդաբերության ժամանակ եղել են որոշակի բարդություններ, ապա դա արդեն նշան է բժշկին, որ անհրաժեշտ է դուրս բերել այդ խնդիրը, բուժել, որպեսզի հետագայում չառաջանան բարդություններ: Կամ, եթե ծննդաբերությունն ավարտվել է կեսարյան հատումով՝ պետք է գնահատել սպիի վիճակը՝ թույլ է տալիս, թե ոչ, որպեսզի կինը կրի հղիություն: Բացի այդ ամենը՝ նախորդ ծննդաբերությունից անցել է որոշակի ժամանակ, մենք չգիտենք, թե այդ ընթացքում ինչ հիվանդություն կամ խնդիր է ձեռք բերել կինը կամ տղամարդը: Եթե առաջին ծննդաբերության գործոնը երաշխիք լիներ, որ երկրորդ և հաջորդող բոլոր հղիություններն ու ծննդաբերությունները բարեհաջող ավարտ են ունենալու, ապա մեզ անծանոթ կլիներ երկրորդային անպտղություն հասկացությունը, երբ մեկ զավակ ունենալուց հետո զույգը չի կարողանում ունենալ երկրորդը: Հետևաբար՝ անկախ հղիությունների և ծննդաբերությունների քանակից՝ հղիությանը (բեղմնավորմանը) պետք է նախապատրաստվել:

11. Հղիության նախապատրաստման ընթացքում (բեղմնավորումից առնվազ 3 ամիս առաջ) կինը պետք է ընդունի ֆոլաթթու: Այն կանխում է պտղի նյարդային խողովակի վարակների առաջացումը: Դեղաչափը որոշում է բժիշկը:

*Շաբաթական առնվազն 3 սեռական ակտ:

Դիտե՛ք ամբողջական զրույցը ստորև

Նույնաբովանդակ այլ նյութեր