
Ճիճվակրություն․ պատճառներից մինչև բուժում
Ճիճվակրությունը բոլոր հիվանդությունների պատճառն ու մեղավորը չէ՝ գերագնահատել խնդրի ծավալներն ու ազդեցությունը պետք չէ ճիշտ այնպես, ինչպես պետք չէ անուշադրության մատնել դրա առկայությունը վկայող ախտանշանները։ Ճիճվակրության տեսակների, ախտանշանների, բուժման և կանխարգելիչ միջոցների մասին զրուցել ենք Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի վարակաբան Սոսե Մարգարյանի հետ։
ԱՍԿԱՐԻԴ
Կա տարածված կարծիք, որ անթերի մաքրությունը ճիճվակրության դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Կասկածից վեր է, որ երեխայի ձեռքերի մաքրությունը, կոկիկ կտրած ու մաքուր եղունգները, միրգն ու բանջերեղենը հոսող ջրով մանրակրկիտ լվանալը էականորեն նվազեցնում են ասկարիդ ձեռք բերելու հավանականությունը։ Բայց երեխաները հաճախ են լինում դրսում՝ շփվում են հողի հետ, ծառից կամ թփից որևէ պտուղ են քաղում և առանց լվանալու ուտում․ թվարկած բոլոր գործոնները բարձրացնում են ասկարիդով վարակվելու հավանականությունը։ Ռիսկի գոտում են այն բնակավայրերում ապրող մարդիկ, որտեղ չկա կամ սահմանափակ է հոսող մաքուր ջրի հասանելիությունը։
Երեխայի օրգանիզմում ասկարիդի առկայության մասին կարող են վկայել պարբերաբար կրկնվող որովայնացավերը, թեթև սրտխառնոցը։ Պետք է նկատի ունենալ, որ այդ ախտանշանները կարող են նաև խիստ արտահայտված լինել, և եթե նույնիսկ երեխային ախտորոշվի ճիճվակրություն՝ հետազոտությունները շարունակելու կարիք կլինի, քանի որ մեծ է հավանականությունը, որ նշված գանգատները կարող են ունենալ այլ պատճառներ, ուստի միայն ճիճվակրության դեմ բուժումը չի ազատի երեխային գանգատներից ու հասունացող առողջական խնդրից։
Ասկարիդը չի փոխանցվում մարդուց մարդ։ Եթե երեխային ախտորոշվել է ասկարիդ՝ դա դեռ ցուցում չէ, որ ընտանիքի բոլոր անդամները պետք է ճիճվաթափման դեղամիջոցներ ընդունեն։
Միրգը, բանջարեղենն ու կանաչին, օգտագործելուց առաջ, մանրակրկիտ լվացեք մաքուր հոսող ջրով։ Հետևեք երեխայի եղունգների վիճակին և մաքրությանը։ Վարժեցրեք լվանալ ձեռքերը տուն մտնելուն պես։
ՍՐԱՏՈՒՏ
Սրատուտի ախտանշանը դժվար է շփոթել այլ բանի հետ՝ հետանցքի քոր։ Ծնողները երբեմն նաև տեսնում են սրատուտի սպիտակ հատիկները երեխայի անդրավարտիքի վրա կամ անկողնում։ Եթե երեխան ունի սրատուտ՝ մեծ է հավանականությունը, որ ընտանիքի մյուս անդամներն էլ կունենան նույն խնդիրը, քանի որ երեխայի հիգիենայով մեծապես զբաղվում են մեծահասակները, որոնք նույնսիկ խիստ զգուշավորության դեպքում կարող են իրենց օրգանիզմ տեղափոխել վարակը։ Ահա թե ինչու է կարևոր, որ սրատուտի բուժում ստանան ընտանիքի բոլոր անդամները։
Սրատուտը կարող է 2 շաբաթ պահպանվել արտաքին միջավայրում։ Ուստի դեղորաքային բուժումից ավելի կարևոր է նշված ժամանակահատվածում խիստ ուշադիր լինել ընտանիքի բոլոր անդամների հիգիենային։ Անհրաժեշտ է ամեն առավոտ փոխել անկողնային պարագաները, ընդունել լոգանք, հագնել մաքուր անդրավարտիք, քանի որ սրատուտները հիմնականում գիշերվա ժամերին են կուտակվում հետանցքի շուրջ։ Առնվազն երկու շաբաթ պետք է գերուշադիր լինել թվարկած բոլոր գործողություններին։
ԷԽԻՆԱԿՈԿ
Էխինակոկի տարածման հիմնական աղբյուրը շներն են, մասնավորաբար՝ թափառող, քանի որ տնային պայմաններում պահվող շները, որպես կանոն, անցնում են ճիճվաթափության համապատասխան փուլերը։ Շատ երեխաներ ու պատանիներ հաճույքով խաղում են բակի շների հետ։ էխինակոկը փոխանցվում է անմիջական շփման արդյունքում ու երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ։ Էխինակոկի հետևանքները կարող են լինել շատ ծանր՝ կախված այն բանից, թե երեխայի որ օրգանում են դրանք տեղակայված։
Եթե տանը պահում եք շուն՝ ապահովեք, որ կենդանին ճիճվաթափվի․ դեղաչափը կարող եք ճշտել անասնաբույժից։
ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
Ճիճվակրությունը ավանդական միջացներով բուժելը ժամանակի անհարկի կորուստ է և կարող է դառնալ անկանխատեսելի վնասների պատճառ։ Եթե նույնիսկ այս կամ այն թուրմը պարունակում է օգտակար որևէ մասնիկ ու կարող է գործուն լինել ճիճվակրության դեմ՝ մենք պետք է հիշենք, որ չունենք որևէ պատկերացում դրա դեղաչափի, կողմնակի ազդեցությունների կամ արդյունավետության մասին։ Ավանդական միջոցները չեն անցնում փորձարկումներ, չեն ստանում հավաստագրեր, չեն վերահսկվում որևէ մարմնի կողմից։
Ճիճվակրության բուժման հարցով ծնողները երբեմն խորհրդակցում են դեղատան աշխատակիցների հետ։ Սխեման նույնն է՝ նկարագրում են ախտանշանները, ստանում որևէ պրեպարատ և այն կիրառելու ցուցումներ։ Մինչդեռ որևէ բժիշկ չի տալիս ախտորոշում ու չի նշանակում բուժում առանց հիվանդին տեսնելու։ Այս կամ այն ախտանշանը կարող է լինել ճիճվակրության պատճառով, բայց կարող է նաև հետևանքը լինել մեկ այլ հիվանդության, ուստի անհանգստացնող ցանկացած դրսևորման հանդիպելիս՝ մի՛ ուշացրեք այցը մանկաբույժին։
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ
Կան երկրկներ, ուր ցուցված է կանխարգելիչ ճիճվաթափությունը․ դրանք սովորաբար այն երկրներն են (ու տարածաշրջանները), որտեղ կան խմելու ջրի և կոյուղիների հետ կապված լուրջ խնդիրներ։ Հայաստանն այնպիսի համաճարակաբանական իրավիճակում չէ, որ երեխաները վեց ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժում ստանան։
Բայց եթե անգամ ծնողն ունի մտահոգություններ՝ ինքնակամ ճիճվաթափություն անել չի կարելի․ հարկավոր է խոսել մասնագետի հետ։ Գործնականում անգամ մեկ զրույցը բժշկի հետ բավական է լինում, որպեսզի ծնողը հաղթահարի իր վախերն ու կասկածները և ազատի երեխային անհարկի դեղեր խմելուց։
ՄԻՖԵՐ
Ճիճվակրության մասին միֆերի զգալի մասը կապված է ախտանշանների հետ։ Շատերը մինչև հիմա էլ համոզված են, որ ատամների կրճտոցը, թքահոսությունը, փորկապությունը կամ տարբեր ցանավորումները վկայում են այն մասին, որ երեխան ճիճվակրություն ունի։ Առավել հաճախ խոսում են առաջին երկուսի մասին։
Քնած ժամանակ ատամներրը կրճտացնելը քնի խանգարման նշան է՝ այստեղ գործ ունեն քնի մասնագետն ու ատամնաբույժը, բայց ոչ վարակաբանը։ Թքահոսությունը, եթե չունի ուղեկցող մտահոգիչ նշաններ (օրինակ` ապնոէ), ապա առանձնապես մտահոգվելու պատճառ չէ, սակայն եթե կան ուղեկցող երևույթներ՝ քննարկեք մանկաբույժի հետ՝ նա կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ։
Զրույցն ամբողջությամբ դիտել ստորև՝