Skip to main content
Հետադարձ կապ

Ինքնախնամքի մասին

Առօրյա հոգսերի հորձանուտի մեջ ընկած՝ շատերս մոռանում ենք մտածել մեր սեփական անձի մասին՝ համարելով դա ավելորդություն: Մոռանում ենք, որ մեզ ևս, ժամանակ առ ժամանակ, լիցքավորվել է պետք կամ, գուցե, մշակութային առանձնահատկություններից ելնելով, անհրաժեշտ չե՞նք համարում սեփական էմոցիոնալ ու ֆիզիկական կարիքների մասին հոգ տանել:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը», որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անդրադառնում է ինքնախնամքի կարևորությանը:

Կանոն է: Եկե՛ք մեկընդմիշտ հիշենք՝ ինքնախնամքը կարևոր է. ինքնախնամքի կարիք անխտիր բոլո՛րս ունենք:

Արմինե Վարդանյանը («Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան) նշում է, որ, այո, շատերն են անտեսում ինքնախնամքը, սեփական անձի մասին հոգ տանելը համարում էգոիզմ կամ երկրորդական, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ծնողներին՝ չէ՞ որ շատ ծնողներ կարծում են, որ այդ ժամանակը փոխարենը կարելի է տրամադրել երեխաներին:

Կանոն է: Հոգեպես կայուն, երջանիկ երեխաներ կարող են դաստիարակել հոգեպես կայուն, երջանիկ ծնողները:

Հոգեբանը նշում է, որ օրեր, ամիսներ, տարիներ անտեսելով մեր ինքնախնամքը՝ բախվում ենք հուզական այրում երևույթի հետ: Որ՞ն է հուզական այրումը. հուզական այրումը ֆիզիկական և հոգեբանական հյուծվածությունն է: Հուզականորեն հյուծված մարդիկ չեն կարողանում երևույթներին առանց բարկանալու արձագանքել, առօրյա սովորական երևույթներին տալիս են կտրուկ, երևույթին ոչ համապատասխան պատասխան, պոռթկուն են, հաճախ՝ անտարբեր, ունեն մեղքի զգացում, լարվածության զգացողություն: Ֆիզիկական առումով, հաճախ են գլխացավեր, հոգնածության զգացում ունենում. առհասարակ կարող է վատթարանալ առողջական վիճակը, առաջանալ բժիշկներին հաճախակի դիմելու անհրաժեշտություն:

Ինքնախնամք կազմակերպելը ամենևին բարձրագույն մաթեմատիկա չէ: Հոգեբանն առաջարկում է հավասարակշռել կյանքի տարբեր ոլորտները, հատկապես՝ հավասարակշռության մեջ բերել ընտանեկան հարցերը/հոգսերը և օրական ընդամենը 5-10 րոպե առանձնացնել ինքներս մեզ համար: Որո՞նք են այն 5-10 րոպեները, որոնք կարող ենք առաձնացնել հենց մեզ համար՝ զբաղվելու մեզ լիցքաթափող, մեզ դուր եկող գործերով: Եկե՛ք յուրաքանչյուրս այս հարցին պատասխանենք՝ խուսափելու հուզական այրումից:

Թեման չանտեսելով՝ հունիս ամսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել էր «Երջանիկ մայրիկ» նախաձեռնություն-մարաթոնը՝ խթանելու մայրիկների ինքնախնամքը: Հավատացած ենք, որ կա մի պարզ ճշմարտություն՝ այն ծնողը, որը ժամանակ է գտնում իր համար, առողջ է ֆիզիկապես և հոգեպես, ավելի երջանիկ ծնող է, իսկ ինչպես նշեցինք վերը, երջանիկ ծնողը երջանիկ երեխա է դաստիարակում:

Այս ուշագրավ թեմայի մասին ավելին կարող եք իմանալ դիտելով տեսանյութը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական կառավարության աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր