Skip to main content
Հետադարձ կապ

Խաղագիտություն

Գիտե՞ք` ձեր երեխայի ուղեղը կյանքի առաջին երեք տարիներին ավելի արագ է զարգանում, քան ցանկացած այլ ժամանակ: Զարմանալի է, չէ՞: Լավ նորությունն այն է, որ ձեր երեխայի զարգացմանն աջակցելու լավագույն միջոցներից մեկը երկուսիդ համար էլ և՛ պարզ է, և՛ զվարճալի է։

Կարծում եք՝ խաղը միայն զվարճանալու համա՞ր է։ Շտապենք տեղեկացնել, որ այն երեխաների համար շատ ավելին է, քան պարզապես զվարճանքը:

Այն հիանալի միջոց է կյանքում կարևոր հմտություններ ձեռք բերելու (խնդիրներ լուծելուց մինչև գաղափարներ արտահայտելը), ծնողի և երեխայի միջև կապ հաստատելու և այդ կապն ամրապնդելու համար: Ի վերջո, դուք ձեր երեխայի առաջին ուսուցիչն ու խաղընկերն եք:

LEGO հիմնադրամի մեր գործընկերների հետ ուսումնասիրել ենք այն գիտությունը, որի շնորհիվ կարող եք օգնել ձեր երեխային մեծանալ և զարգանալ։

 

Համագործակցել խաղալիս

Երբ նա աշտարակ է կառուցում, իր ֆիզիկական հմտություններն է զարգացնում։ Առարկաների դասավորությունները օգնում են նրան հասկանալ շարժումն ու տարածությունը`գործնականում կիրառելով զգայական-շարժիչ հմտություններ և զարգացնելով տարածական ըմբռնումը: Այս հմտությունների հավաքածուն կարևոր է առողջ մարմին ունենալու համար:

Խաղացե՛ք ձեր երեխայի հետ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է նա կառուցում, ինչ հնչյուններ և դեմքի ինչ արտահայտություններ է անում՝ ավելացնելով աշտարակի հերթական աղյուսը։ Տեսնենք՝ որքան բարձր կստացվի ձեր աշտարակը։  

Երբ նա զվարճալի ձայներ է արձակում, նա զարգացնում է իր սոցիալական հմտությունները

Փոքրիկները իրենց լեզուն ունեն։ Նրանք հաղորդակցվում են դեմքի արտահայտությունների, ժեստերի և տարատեսակ ձայների միջոցով: Ձեր երեխայի ժեստերին և ձայներին արձագանքելը, ձեր հայացքի, ձայնի և շարժումների միջոցով նրան պատասխանելը նպաստում են նրա ուղեղում նյարդային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Այս տեսակի հարաբերությունները միայն և միայն ամրապնդում են ձեր և ձեր երեխայի միջև կապը։

Երբ թաքցնում եք առարկաներ, իսկ նա գտնում է դրանք, զարգացնում եք երեխայի ճանաչողական հմտությունները։

Թաքցրեք կենցաղային իրեր և խրախուսեք երեխային գտնել դրանք։ Այս դժվար, բայց զվարճալի խաղն օգնում է ձեր երեխային զարգացնել կենտրոնացումը, խնդիրները լուծելու կարողությունը և ճկուն մտածողությունը: Նա սովորում է լուծել բարդ խնդիրներ և խոչընդոտները հաղթահարելու ռազմավարություններ մշակել: Եթե երեխայի մոտ այդքան էլ լավ չի ստացվում, հուշումներ արեք, բայց թույլ տվեք նրան ինքնուրույն գտնել թաքնված իրը։

 

Երեք մոտեցում՝ երեխայի մոտ զարգացնելու խնդիրների լուծման հմտությունը

Երբ նա երգում և պարում է, նա ստեղծում է հուզական հմտություններ

Հույզերը հասկանալը, կառավարելը և դրանք արտահայտելը կենսական նշանակություն ունեն ձեր երեխայի հուզական զարգացման և հետագա բարեկեցության համար: Երգը և պարը զգացմունքներն արտահայտելու հիանալի միջոց են: Ավելի մտերմացե՛ք ձեր երեխայի հետ՝ միասին երգելով կամ պարելով:

Երբ նա նկարում է իր պատկերացրածը, նա զարգացնում է իր ստեղծագործական հմտությունները

Երբ ձեր փոքրիկը նստած է և իր պատկերացրած աշխարհն է նկարում թղթի վրա, նա արտահայտում է իր գաղափարները և դրանք կյանքի կոչում: Ավարտելուց հետո թույլ տվեք նրան շրջել իր ստեղծած աշխարհում և հարցեր տվեք նրան՝ բացահայտելու այդ աշխարհը։

Լավ նորությունն այն է, որ երեխաները թանկարժեք խաղալիքների կարիք չունեն խաղալու և սովորելու համար: Փաստորեն, դուք տանը ունեք այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է երեխայի հետ զվարճալի և ուսուցողական խաղ խաղալու համար։

Պարզապես զվարճացեք միասին:

Երեխայի անվտանգությունը