Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Առողջամարտիկ» ծրագիրը. առաջին կանգառը Սյունիքի մարզն է
Երեխաների համար սնվելու ճիշտ մշակույթ ձևավորելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը 6-15 տարեկան դպրոցականների համար հատուկ Առողջամարտիկ ծրագիր է մշակել: Ծրագրի առաջին կանգառը Սյունիքի մարզի Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներն էին: Առողջամարտիկի հաջորդ կանգառներն են Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի ու Արմավիրի համայնքները: Հինգ մարզի 15 համայնքի ավելի քան 2.500 երեխաներ կդառնան առողջամարտիկներ՝ առողջ սնուցման և ակտիվ կենսակերպի հետևորդներ:
Այս նախագծի համար մշակվել է 2 առանձին ծրագիր՝ 6-10 տարեկան երեխաների՝ պայմանական փոքրերի և 11-15 տարեկան երեխաների՝ պայմանական մեծերի համար: Հաշվի են առնվել տարիքային ու զարգացման առանձնահատկությունները: Ծրագիրն իրականացնող գործընկերն է Ընտանիքի Ակադեմիա ՀԿ-ն:
Ի՞նչ են ուտում մեր երեխաները ամեն օր: Իսկ ի՞նչ պետք է ուտեն նրանք, որպեսզի առողջ մեծանան: Մարդու սննդային սովորույթները ձևավորվում են մանկության տարիներին, և եթե դրանք վերահսկելը համեմատաբար հեշտ է նորածնային և նախադպրոցական տարիքում, ապա հետագայում՝ դպրոցականի առօրյան և դեռահասության փուլի առանձնահատկությունները գրեթե անվերահսկելի են դարձնում սննդի հարցը:
«Հատուկ մշակված տեսանյութերի, խաղերի, առաջադրանքների, հրավիրված մասնագետների ելույթների միջոցով երեխաները սովորում են՝ ինչ պետք է ուտել և ինչպես, և թե ինչու է կարևոր ակտիվ կենսակերպը և ինչպես են երկուսը միասին ազդում ուղեղի զարգացման և հետագա կյանքի վրա»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջապահական և սնուցման ծրագրի ղեկավար Լիանա Հովակիմյանը:
«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Մերի Ներսիսյանի խոսքով․ «Փոքրերի խմբերի հետ աշխատանքի հիմնական նպատակն է սովորեցնել երեխաներին ճանաչել ու տարբերակել «լավ» և «վատ» սննդատեսակները, ծանոթացնել «առողջ ափսե» հասկացությանը։ Դրա համար ստեղծվել են հատուկ խաղեր, փոքրիկ պատմություններ, որոնք զվարճացնում են երեխաներին և օգնում շատ հեշտ ու արագ յուրացնել նոր նյութը։ Մեծերի խմբում առողջ սնունդ և առողջ ապրելակերպ հասկացությունները ներկայացվում են որպես հաջողության ճանապարհի անբաժանելի մասնիկներ»։
Որպես ծրագրի կարևոր բաղադրիչ՝ բաց դասի ավարտից հետո երեխաներին սննդի, ակտիվ կենսակերպի կամ նախաձեռնողականության թեմայով առաջադրանքներ են հանձնարարվում: Երբեմն դրանք իրականացնելու համար երեխաները պետք է ներգրավեն ընտանիքի անդամներին կամ ընկերներին: Այսպիսով նրանք դառնում են առողջ ապրելակերպի դեսպան և տարածում առողջ սովորույթները իրենց շրջապատում:
Այս դարաշրջանում, երբ արագ ու ոչ օգտակար սնունդը անարգելք ներխուժել է մեր առօրյա կյանք ու որ վտանգավոր է, դպրոց: Երբ շաքարի մեծ պարունակությամբ քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքներն անընդհատ գովազդվում են, իսկ դրանց պաստառներն ուղղակի ամենուրեք են, երեխային պաշտպանող գիտելիքով զինելը շատ կարևոր է ու հրատապ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջամարտիկ ծրագիրը հենց դրա համար է սկսվել ու շարունակվելու: