Skip to main content
Հետադարձ կապ

Ամառային արձակուրդ և ՔՈՎԻԴ-19. մաս 1

«Կարոտել ենք ծովը, ճամփորդությունները, բայց այս տարի ոչ մի տեղ չենք մեկնի, ավելին՝ Հայաստանում էլ չենք ճամփորդի: Հեռու կմնանք բոլոր տեսակի հյուրանոցներից, լողավազաններից, ռեստորաններից: Անվտանգությունն ու առողջությունն ավելի կարևոր են»: Իրինա Թովմասյանը Քովիդի համավարակի ու դրա հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում երեխաների հետ հանգստի ամենաանվտանգ վայրն ամառանոցն է համարում: Այս ամառ սովորականից ավելի հաճախ են այնտեղ լինում: Իրինան համոզված է, ամառանոցում վարակից խուսափելու հնարավորությունն ավելի մեծ է, քանի որ իրենք են պատասխանատու և՛ մաքրության, և՛ հիգիենայի, և՛ բժիշկների ու պարետատան ցուցումները կատարելու համար:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները ևս հորդորում են զերծ մնալ մարդաշատ հանգստավայրերից:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է, որ Քովիդ-19-ի պարագայում, բարձր ջերմաստիճանով՝ տաք եղանակով, պայմանավորված վարակի տարածման տեմպերը չեն դանդաղել: «Այո, տարածման տեմպի կայունացում գրանցել ենք, բայց դրա համար պետք է շնորհակալություն ասենք դիմակներին, որոնց համատարած օգտագործումն արդեն իսկ նկատելի արդյունք է տվել: Եթե տաք եղանակը Քովիդ-19-ի վրա նկատելի ազդեցություն ունենար, ապա վարակի մասին պարզապես չէին լսի աֆրիկյան երկրներում կամ ԱՄՆ-ի այն շրջաններում, ուր տարին բոլոր «ամառ» է»:

Տատիկ-պապիկին հյուր գնալիս, կամ նրանց մոտ հանգստանալիս, տիկին Բակունցը խորհուրդ է տալիս կրկնակի ուշադիր լինել Քովիդի կանխարգելման ցուցումներին, քանի որ ավագները խոցելի խմբում են: Պարտադիր է տանն ունենալ պաշտպանիչ բոլոր միջոցները: Ավագներին էլ, երեխաներին էլ, խնդրել, որ հետևեն անվտանգության կանոններին՝ կրեն դիմակ, պահպանեն անվտանգ հեռավորություն, հաճախ լվացվեն:

Քովիդ-19-ի ախտանշանների կամ կասկածների ի հայտ գալուն պես զանգահարե՛ք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ Առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով: Այս հեռախոսահամարները պահեք Ձեր բջջայինում: Տանից հեռու, անծանոթ միջավայրում կարող եք չկողմնորոշվել՝ ինչ անել կամ ուր գնալ: Օպերատիվ զանգերի կենտրոնի և Թեժ գծի աշխատակիցները համապատասխան ցուցումներ կտան Ձեզ:

Քովիդի համավարակի կանխարգելման, Ձեր ու Ձեր երեխաների առողջության համար «Ուիգմոր» կլինիկայի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների հետ ամառանոց կամ գյուղ՝ տատիկ-պապիկի տուն, հանգստի մեկնելիս ճամպրուկում պարտադիր ունենալ հիգիենայի միջոցներ, ճամփորդական դեղատուփ:

Չմոռանալ նաև. տեղանքի, սննդի, ջրի փոփոխությունները կարող են աղիքային խնդիրների պատճառ դառնալ: Դեղատուփում ունենալ ջրազրկման բուժման համար նախատեսված աղային լուծույթներ:

Երկար ճանապարհներին հնարավոր է հակափսխեցուցիչ դեղորայքի կարիք էլ լինի

«Երեխաների հետ դաշտ, անտառ կամ այգի գնալիս, խուսափեք միջատների խայթոցներից պաշտպանող արտաքին օգտագործման միջոցներ՝ դրանք կարող են ներծծվել ու տոքսիկ ազդեցություն ունենալ: Խայթոցից առաջացած այտուցը և ցավը մեղմելու համար կիրառեք միայն սառը թրջոցներ և հակաալերգիկ դեղորյաք, դե իսկ բարդ դեպքերում շտապե՛ք մոտակա բուժկետ»,- խորհուրդ է տալիս Տիգրանուհի Հովհաննիսյանը:

ՔՈՎԻԴ – 19-ը վերը բերված ցանկին ավելացրել է՝

  • ախտահանիչ լուծույթներ
  • օճառ
  • սրբիչներ
  • դիմակ:

Դիմակի և ախտահանիչ լուծույթների մասին մանկաբույժը հստակ ցուցումներ ունի:

ԴԻՄԱԿԿան երկրներ, որտեղ 3 տարեկանից բարձր երեխաներին թույլատրվում է կրել դիմակ: Հայաստանում՝ միայն 6 տարեկանից հետո: Մինչև 2 տարեկան երեխաներին արգելվում է կրել դիմակ։

ԱԽՏԱՀԱՆԻՉ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐԹե՛ մեծահասակների, թե՛ երեխաների դեպքում ախտահանիչ գելերը նախընտրելի չեն: Դրանք «տեղավորվելով» մաշկի ճեղքերում՝ կարող են բարենպաստ միջավայր ստեղծել մանրէների համար:

Ըստ բժշկի, նախընտրելի է 65-80 տոկոսանոց սպիրտային լուծույթ օգտագործել: 99 տոկոսանոց լուծույթի սպիրտային մասն արագ է ցնդում, նույնիսկ ավելի արագ, քան օգտագործողը հասցնում է տարածել այն ձեռքերին: Միևնույն ժամանակ, սպիրտի տոկոսային պարունակությունը չպետք է 65-ից ցածր լինի: 65 տոկոսից բարձր սպիրտային լուծույթները նախընտրելի չեն երեխաների համար՝ դրանք կարող են ներծծվել ու վնասել երեխայի առողջությունը: Երեխաների դեպքում գերադասելի է հոսող ջրով և օճառով լվացվելը, նվազագույնը՝ 20 վայրկյան տևողությամբ

Այգում կամ բակում խաղացող, կենդանիների հետ շփվող կամ ծառից միրգ ուտող փոքրիկներն ավելի ապահովագրված են, եթե անցել են պլանային բոլոր պատվաստումները, բայց հիգիենան ու ձեռքերի ճիշտ ախտահանումը, միևնույն է, պարտադիր են:

ԻՆՉՊԵ՞Ս ՀԵՌԱՑՆԵԼ ՏԻԶԸ

Բռնեք տզին մաշկի մակերեսին հնարավորինս մոտ, հնարավորության դեպքում օգտագործելով տզերի հեռացման համար նախատեսված հարմարանքներ, կամ սովորական փոքր ունելի: Դանդաղ և սահուն քաշեք տիզը: Պետք չէ սեղմել, պտտել կամ կտրուկ շարժումներ անել, այդ կերպ կճզմեք տզին կամ կհեռացնեք ոչ ամբողջությամբ։ Եթե գլխիկը պոկվեց, ապա վարվեք ինչպես սովորական փշի հետ՝ հեռացրեք մաշկից ստերիլ ասեղի օգնությամբ։ Լվացեք խայթոցի տեղը օճառով և ջրով:

Եթե միջադեպից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում, ի հայտ գան կասկածելի նշաններ՝ այտուց, ցան, ջերմություն, հոդացավեր՝ անհապաղ դիմեք մանկաբույժի: Հավանական է, որ կկատարվի քննություն՝ Լայմի հիվանդության հայտնաբերման ու բացառման համար:

Իրինան ասում է, երեխաների հետ, հատկապես հիմա, հիգիենայի ու անվտանգության մասին շատ է խոսում, շուրջն ու իրերն ախտահանելը, ձեռքերը լվանալն ու դիմակն իրենց առօրյայի անբաժանելի մասն են արդեն, բայց բժիշկների խորհուրդներին անպայման կհետևի ու երեխաների հետ թեկուզ քաղաքից դուրս գնալիս ճամփորդական պայուսակում որոշ լրացումներ կանի:

Հանգստի մեկնելիս անհրաժեշտ իրերի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ցանկն ու մասնագետների խորհուրդներն ախտանշանների և առաջին օգնության մասին՝ այստեղ.

Առաջարկում ենք կարդալ նաև «Ամառային արձակուրդ և ՔՈՎԻԴ-19. մաս 2» հոդվածն այն մասին, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել հյուրանոց, հյուրատուն այցելելիս։ 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: