Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես մանկահասակ երեխային պատրաստել պատվաստվելուն

Պատվաստվելը մեծ իրադարձություն է երեխաների համար, և Ձեր փոքրիկը կարող է բազմաթիվ հարցեր ունենալ։ Ահա մեր ամենաօգտակար խորհուրդները, որոնք կօգնեն, որ Ձեր երեխայի պատվաստումը հարթ անցնի։ 

1. Ապավինեք վերջին տեղեկատվությանը

Մինչ երեխայի հետ պատվաստման մասին խոսելը, համոզվե՛ք, որ կարող եք պատասխանել նրա հարցերին՝ հիմնվելով վերջին տեղեկատվության վրա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքի «Պատվաստումներ բոլորի համար» էջն ունի բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կօգնեն միշտ տեղեկացված լինել։

2. Զրուցե՛ք երեխայի հետ 

Հարցրե՛ք երեխային՝ ինչ է նա մտածում սպասվող պատվաստման մասին։ Ուշադի¢ր եղեք  նրա մտքերին և մտահոգություններին, պատրաստ եղե՛ք պատասխանելու նրա հարցերին։ Հիշե՛ք, որ տարբեր իրավիճակներում երեխաները հետևում են ծնողների հուզական արձագանքին։ Ուստի նույնիսկ եթե անհանգստանում եք Ձեր երեխայի մասին, փորձե՛ք ցույց չտալ Ձեր վախերը։

3. Պատասխանե՛ք երեխայի համար հասկանալի լեզվով

Երեխաներն իրենց պատվաստման ընթացքի մասին տեղեկացված լինելու իրավունք ունեն, սակայն նրանց պետք է բացատրել իրենց տարիքին համապատասխան և դյուըմբռնելի լեզվով։ Ահա մի քանի տարածված հարցերի պատասխաններ, որոնք կարող եք միշտ պատրաստի ունենալ.

  • Ի՞նչ է պատվաստանյութը

Պատվաստանյութերն օգնում են մեզ պաշտպանվել վտանգավոր հիվանդություններից և յուրաքանչյուր տարի փրկում են բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Պատվաստանյութը նման է վահանի, որը քեզ պաշտպանում է հիվանդությունից։

  • Ի՞նչ են անում պատվաստանյութերը

Պատվաստանյութերը սովորեցնում են քո մարմնին պայքարել հիվանդությունների դեմ։ Նրանք դա անում են քո մարմնի մեջ փոքրիկ մանրէ դնելով, որն առաջացնում է այն հիվանդությունը, որից պետք է պաշտպանվես։ Այս կերպ, քո մարմնում առաջանում են <<զինվորիկներ>>, որոնք սովորում են պայքարել այդ մանրէի դեմ: Եվ եթե դու երբևէ առնչվես այդ հիվանդությանը, այդ <<զինվորիկներն>> արդեն պատրաստ կլինեն և հստակ կիմանան՝ ինչ անել, որ չհիվանդանաս։

  • Պատվաստանյութերն ապահո՞վ են

Այո՛, պատվաստանյութերը շատ ապահով են։ Յուրաքանչյուր տարի միլիոնավոր երեխաներ (և մեծահասակներ) են պատվաստվում, որը օգնում է նրանց պաշտպանվել բազմաթիվ հիվանդություններից։ Երբ պատվաստվում ենք, մենք կարող ենք ջերմություն ունենալ կամ ներարկման տեղը կարող է ցավել, սակայն դա երկար չի տևում: Համաձայնեք, որ նման մեղմ հետևանքները հիվանդանալուց ավելի նախընտրելի են: Այս նշանները նաև ցույց են տալիս, որ պատվաստանյութն իր գործն անում է, և որ քո մարմինը պաշտպանություն է կառուցում, որն անհրաժեշտ է հիվանդության դեմ պայքարելու համար։

4. Հավաստիացրե՛ք, որ հասկանում եք նրա զգացմունքները

Պատվաստումը կարող է վախեցնել երեխային։ Կարևոր է լսել, թե նա ինչ է զգում և ապրումակցել նրա վախերին։ Եթե Ձեր փոքրիկն ասում է, որ վախենում է, փորձե՛ք ասել նման մի բան. «Ես հասկանում եմ՝ դու ինչ ես զգում, բայց լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. դա տևելու է ընդամենը մի վայրկյան։ Մի թեթև ծակոց ես զգալու ու վերջ։ Տանը, մինչև բժշկի մոտ գնալը, կարող ենք ողջ ընթացքը քայլ առ քայլ փորձել։ Այդ կերպ դու հստակ կիմանաս, թե քեզ ինչ է սպասվում, իսկ դրանից հետո մենք կարող ենք ինչ-որ հաճելի բան անել, որպեսզի տոնենք այդ ձեռքբերումը»։

5. Բացատրե՛ք, թե ինչու է պատվաստումը կարևոր

Սովորեցրե՛ք Ձեր երեխային, որ պատվաստվելով նրանք ոչ միայն օգնում են պաշտպանել իրենց, այլև՝ իրենց շրջապատի մարդկանց, այդ թվում՝ տատիկ-պապիկներին։ Դուք կարող եք ասել նրանց. «Պատվաստանյութերը հիվանդություններից պաշտպանում են թե՛ քեզ, թե՛ շրջապատի մարդկանց: Պատվաստվելով դու չես տարածի այն մանրէն, որն առաջացնում է հիվանդությունը։ Դու շատ համարձակ ես, որ անում ես քեզնից կախված ամեն բան, որպեսզի մյուսները ևս առողջ լինեն»։

6. Զբաղեցրե՛ք նրան որևէ հանգստացնող բանով

Պատվաստման ընթացքում կարող եք երեխայի ուշադրությունը շեղել՝ զբաղեցնելով նրան որևէ հանգստացնող բանով։ Ձեզ հետ վերցրե՛ք երեխայի սիրելի խաղալիքը կամ պատմե՛ք նրա սիրելի պատմվածքը։ Վստահեցրե՛ք նրան, որ ամեն ինչ լավ է լինելու, և որ նա շատ համաձակ է, նույնիսկ եթե լաց լինի կամ տխրի։

7. Հանգստացրե՛ք երեխային պատվաստումից հետո

Մինչ բժշկի մոտից հեռանալը, խոսե՛ք բժշկի հետ պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցության մասին, և թե ինչ կարող եք անել, որպեսզի տանն օգնեք երեխային, օրինակ՝ սրսկման տեղի վրա սառը կտոր դնել։ Պատվաստմանը հաջորդող մի քանի օրերին առանձնահատուկ ուշադիր եղե՛ք երեխայի նկատմամբ և համոզվե՛ք, որ նա իրեն լավ է զգում։ Արտասովոր բան նկատելու դեպքում զանգահարե՛ք և խորհրդակցե՛ք երեխայի բժշկի հետ։  

Նույնաբովանդակ այլ նյութեր