Skip to main content
Հետադարձ կապ

Առողջության լավագույն գրավականը ուժեղ իմունիտետն է

Մեզ շրջապատող աշխարհը լի է աչքի համար աննկատ բազմատեսակ մանրէներով, որոնց հետ առնչվում ենք ամեն օր, ցանկացած բան անելիս՝ խաղալիս, զբոսնելիս, դռների բռնակներին դիպչելիս, թղթդրամներ կամ կոպեկներ փոխանցելիս ու վերցնելիս և այլն։

Մանրէները, սովորաբար կազմված են մեկ կենդանի բջիջից, սակայն ձևով, հատկություններով, կենսակերպով և շրջապատող միջավայրի վրա թողած ազդեցությամբ բազմազան են։ Մանրէների շարքում գլխավոր տեղը գրավում են միաբջիջ բուսական օրգանիզմները` բակտերիաները։ Դրանք ապրում են ամենուր`օդում և գետնին, ջրում ու հողում, բույսերի ու կենդանիների մեջ։ Որոշ բակտերիաներ շատ նուրբ են ու շուտ են ոչնչանում, մյուսները դիմանում են եռացնելուն ու սառեցնելուն, զանազան թույների ու թթուների ազդեցությանը։

Սովորական աչքով անտեսանելի բակտերիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Կան օգտակար բակտերիաներ, առանց որոնց երկրի վրա ապրելը դժվար կլիներ։ Նրանք կաթը դարձնում են մածուն, պանիր, խաղողի հյութը` գինի, քացախ: Բայց կան նաև մարդու համար վնասակար բակտերիաներ, որոնք, թափանցելով մարդու կամ կենդանու օրգանիզմ, հարուցում են վտանգավոր հիվանդություններ, վիրուսներ, ինչպես օրինակ՝ տուբերկուլյոզը, խոլերան, սիբիրյան խոցը, տիֆը, անգինան, թոքաբորբը և այլն։

Դուք երևի կհարցնեք, թե ինչո՞ւ անընդհատ հիվանդ չենք, եթե ամեն օր առնչվում ենք վնասակար մանրէների հետ։ Եվ, իսկապես, ինչո՞ւ։ Որովհետև մեր օրգանիզմն ունի իր սեփական պաշտպանիչ վահանը, որը կոչվում է իմունիտետ։ Հենց իմունիտետի շնորհիվ է օրգանիզմը պաշտպանվում վարակիչ բակտերիաներից և օտարածին մարմիններից:

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանողական համակարգն է, որը մեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում:

Որպեսզի լավ հասկանանք, թե ի՞նչ է իմունիտետը և ինչպե՞ս է այն մեզ պաշտպանում, և կարողանանք այդ մասին պատմել ձեզ, զրուցել ենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբուժական բաժնի վարիչ, մանկաբույժ Սաթենիկ Գրիգորյանի հետ։

«Մեր օրգանիզմը իմունիտետի պաշտպանության շնորհիվ չի ընկալում վարակիչ հիվանդությունները,  հայտնաբերում է վտանգավոր բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանք։ Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի՝ հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության»։

Իսկ ինչպե՞ս է իմունիտետը մեզ պաշտպանում։

«Ինչպես հայտնի է, մեր օրգանիզմի պաշտպանողական համակարգը՝ իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Այն մեր մարմնի երկրորդ պաշտպանական ֆունկցիան է առաջին պաշտպանական ֆունկցիան իրականացնում են մաշկն ու լորձաթաղանթը», - ասում է մանկաբույժ Գրիգորյանը:

Որպեսզի իմունիտետը մեզ պաշտպանի, շատ բջիջներ և օրգաններ են միասին աշխատում: Մասնավորապես, մեր արյան մեջ կան սպիտակ բջիջներ՝ լեյկոցիտներ, որոնք կարևոր դեր են խաղում իմունային համակարգում: Սպիտակ բջիջների որոշ տեսակներ, որոնք կոչվում են ֆագոցիտներ, ծամում են ներխուժող օրգանիզմները, մյուսները, որոնք կոչվում են լիմֆոցիտներ, օգնում են մարմնին հիշել բակտերիաներին և ոչնչացնել դրանք: Լիմֆոցիտների մեջ կան Բ տեսակի լիմֆոցիտներ, որոնք նման են մարմնի ռազմական հետախուզական համակարգի:

Ինչպես նշում է մանկաբույժ Գրիգորյանը, երբ մեր օրգանիզմ են ներթափանցում օտարածին մարմիններ (այլ կերպ դրանց կոչում ենք նաև հակածիններ կամ անտիգեններ), իմունային համակարգը աշխատում է դրանք ճանաչելու ուղղությամբ և փորձում ազատվել դրանցից: Բ տեսակի լիմֆոցիտներն ակտիվանում են և սկսում հակամարմիններ ստեղծել: Հակամարմինները սպիտակուցներ են, որոնք կապվում են բակտերիաների ակտիվ հատվածներին և թույլ չեն տալիս, որ դրանք բազմանան և չեզոքացնում են բակտերիաների արտադրած թունավոր նյութերը: Ստեղծվելուց հետո հակամարմինները սովորաբար մնում են մեր մարմնում, եթե ապագայում ստիպված լինենք նորից պայքարել նույն բակտերիաների դեմ: Ահա թե ինչու նա, ով հիվանդանում է այնպիսի հիվանդությամբ, ինչպիսին օրինակ ջրծաղիկն է, սովորաբար նորից դրանով չի հիվանդանում։

Բնածին, ձեռքբերովի և պասիվ իմունիտետ։

Իմունիտետը կարող է լինել բնածին, ձեռքբերովի և պասիվ։ Յուրաքանչյուրս ծնվում է բնածին կամ բնական իմունիտետով, որը մեզ տալիս է ընդհանուր պաշտպանություն: Օրինակ, մաշկը թույլ չի տալիս բակտերիաների ներթափանցումը օրգանիզմ, և իմունային համակարգը ճանաչում է որոշ օտարածին մարմիններ, որոնք կարող են վտանգավոր լինել: Ձեռքբերովի իմունիտետը զարգանում է մեր ողջ կյանքի ընթացքում, երբ մենք վարակվում ենք այս կամ այն հիվանդությամբ, և այդ հիվանդության դեմ պայքարելու համար առաջանում են համապատասխան հակամարմիններ և մնում մեր օրգանիզմում։

Երբ որևէ հիվանդության բակտերիա առաջին անգամ ներթափանցում է մեր օրգանիզմ, հանարավոր է, որ բնածին իմունիտետը չկարողանա մեզ լիարժեք պաշտպանել, այդ դեպքում հիվանդանում ենք։ Սակայն մեր բնածին իմունիտետը շարունակում է պայքարել հիվանդածին բակտերիայի դեմ, ակտիվանում են Բ տեսակի լիմֆոցիտներ, արդյունքում՝ ջերմություն ենք ունենում։ Հենց այս պայքարի շնորհիվ է օրգանիզմը սկսում «ճանաչել» բակտերիան, առաջացնում հակամարմիններ և զարգացնում ձեռքբերովի իմունիտետը։ Հետագայում, եթե այդ նույն հիվանդածին բակտերիան նորից հայտնվի մեր օրգանիզմում, մեր օրգանիզմը հեշտությամբ այն կվերհիշի և, ձեռքբերովի իմունիտետի շնորհիվ, կպաշտպանի մեզ։ «Ի տարբերություն բնածին իմունիտետի՝ ձեռքբերովին խիստ մասնագիտացված է, քանի որ այն պայքարում է կոնկրետ այն բակտերիաների դեմ, որոնք սովորել է ճանաչել», - պարզաբանում է մանկաբույժ Գրիգորյանը։

Ձեռքբերովի իմունիտետն առաջանում է նաև պատվաստման միջոցով, երբ պատվաստանյութով օրգանզիմ է մտցվում տվյալ հիվանդության թուլացրած, կամ մահացած բակտերիան։ Պատվաստման շնորհիվ՝ մենք չենք հիվանդանում տվյալ հիվանդությամբ, բայց մեր օրգանիզմը սովորում է ճանաչել հիվանդածին բակտերիան և ձեռք է բերում հակամարմին առաջացնելու հատկություն։ Զարգանալու համար՝ մեր իմունիտետին հարկավոր է ժամանակ և պատվաստանյութերի օգնությունը: Երբ մեր երեխաները ժամանակին ստանում են բոլոր պլանային պատվաստումները, մենք օգնում ենք, որ նրանք հնարավորինս առողջ մնան:

Մանկաբույժ Գրիգորյանը նշում է, որ պասիվ իմունիտետն այլ աղբյուրից ասես «պարտքով» վերցրած պաշտպանություն լինի, որը երկարատև չէ։ Օրինակ, մոր կրծքի կաթի միջոցով փոխանցվող հակամարմինները երեխային ժամանակավոր իմունիտետ են տալիս այն հիվանդությունների նկատմամբ, որոնցով վարակվել է մայրը:

«Օրինակ, եթե մայրը, մինչև հղիանալը հիվանդացել է ջրծաղիկով ու դրա դեմ ունի հակամարմիններ, ապա նրա ապագա երեխան, ծնվելուց հետո, կունենա ջրծաղիկի նկատմամբ մեծ քանակի հակամարմիններ։ Ու եթե այդ երեխան կյանքի առաջին ամիսներին կոնտակտ ունենա ջրածաղիկով հիվանդ մեկի հետ, ապա չի հիվանդանա»,- բացատրում է մանկաբույժ Գրիգորյանը։

Ինչպե՞ս ունենալ բարձր իմունիտետ կամ ինչպե՞ս պաշտպանել այն:

Քաղցը, հոգնածությունը, մրսածությունը, սթրեսը, դեղանյութերի չարաշահումը, ռենտգեն ճառագայթները կարող են ճնշել օրգանիզմի իմունիտետը։

«Իմունիտետը բավական բարդ և բազմակոմպոնենտ համակարգ է»,- բացատրում է մանկաբույժ Գրիգորյանը։ «Որպեսզի մեր օրգանիզմն ունենա ամուր իմունիտետ և հետևաբար բարձր դիմադրողականություն, մենք պետք է բալանսավորված սնվենք։ Սա նշանակում է, որ մեր սննդի մաս պետք է կազմեն ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, միկրոէլէմենտները՝ երեխայի աճող օրգանիզմի պահանջներին համարժեք»։

Մանկաբույժը նաև նշում է, որ ֆիզիկական ակտիվությունը նունպես շատ կարևոր է, քանի որ ֆիզիկական ակտիվություն ունեցող երեխաներն ավելի սթրեսակայուն են, պետք է հետևել նաև հիգիենայի կանոններին, վարել առողջ կենսակերպ։ Ընտանիքի առողջ ապրելակերպը երեխայի ամուր իմունիտետի և օրգանիզմի դիմադրողականության ձևավորման հիմքն է, իսկ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը`պատվաստումներն են։ Հենց պատվաստումներն են հնարավորություն տալիս խուսափել վարակվելուց, կամ վարակվելու դեպքում օգնում կանխել հիվանդության ծանր ընթացքը։ Պատվաստումների շնորհիվ` երեխան պաշտպանվում է մի շարք վարակներից, որոնք կարող են ունենալ անցանկալի բարդություններ և հետևանքներ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլեկտիվ իմունիտետը:

Երբ մի նոր վարակիչ հիվանդության բակտերիան ներթափանցում է մարդկանց օրգանիզմ, շատերը վարակվում են, քանի որ նրանք հիվանդության դեմ իմունիտետ չունեն։ Ավելին, փոքր երեխաները, տարեցները, ուղեկցող առողջական խնդիրներ ունեցող մարդիկ վարակվելու ավելի մեծ վտանգի տակ են՝ թույլ իմունային համակարգի պատճառով։

Երբ բնակչության մեծ տոկոսը զարգացնում է այդ հիվանդության նկատմամբ սեփական իմունիտետ, հիվանդության տարածումը անհատից անհատ թուլանում կամ սահմանափակվում է։ Սա կոլեկտիվ իմունիտետի սկզբունքն է։

«Կոլեկտիվ իմունիտետն այն է, երբ յուրաքանչյուրս տվյալ վարակի նկատմամբ ունենք մեր սեփական իմունիտետը, և այդպիսի մարդկանց քանակը շատ է։ Սա անուղղակիորեն պաշտպանում է նաև չպատվաստված անձանց, ներառյալ նրանց, ում պատվաստումը հակացուցված է։ Կոլեկտիվ իմունիտետը ձևավորվում է մասայական պատվաստման ճանապարհով։ Երբ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից, դա հանգեցնում է կանխարգելելի հիվանդությունների բռնկումների», - բացատրում է մանկաբույժ Գրիգորյանը։

Որքան բարձր է կոլեկտիվ իմունիտետի տոկոսը, իսկ այն առնվազն 80 տոկոս պետք է լինի, այնքան ռիսկը տվյալ հիվանդությամբ հիվանդանալու պակասում է։ Կոլեկտիվ իմունիտետի ստեղծմանը խանգարում է այն, որ հիվանդածին բակտերիան կարող է փոփոխվել՝ մուտացիայի ենթարկվել, ինչպես նաև, երբ մեծ քանակությամբ չպատվաստված անձինք են լինում։

«Որքան շատ հնարավորություն է ունենում վարակը շրջանառվելու, այնքան մեծ է հավանականությունը, որ այն կփոփոխվի։ Երբ մարդիկ պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում, դա վախի և անորոշության զգացում է առաջացնում, ինչի արդյունքում շատերը որոշում են չպատվաստվել՝ այդպիսով վտանգելով թե´ իրենց, թե´ շրջապատի մարդկանց առողջությունը», - շեշտում է նա։

«100 տոկոսանոց արդյունք որևէ պատվաստանյութ չի գրանցում: Եվ որքան մեծ է հիվանդության հետ շփման հավանականությունը, այնքան մեծ է նաև հիվանդանալու  վտանգը։ Այն հասարակություններում, որտեղ շատ են չպատվաստված անձինք, հիվանդանալու հավանականությունը մեծանում է՝ անգամ պատվաստվածների շրջանում, քանի որ մեծանում է հիվանդածին բակտերիայի փոփոխման հավանականությունը՝ առաջացնելով համաճարակային նոր իրավիճակ», - բացատրում է մանկաբույժ Գրիգորյանը։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Նույնաբովանդակ այլ նյութեր