Skip to main content
Հետադարձ կապ

Ատամների խնամք 0-6 տարեկանում. առաջին այցն ատամնաբույժին (պրոֆիլակտիկ այցեր)

Երեխայի առաջին «այցն» ատամբաբույժին պետք է կազմակերպել հենց առաջին կաթնատամների ծկթումից սկսած: Ոսկե կանոն է՝ պետք չէ առաջին այցը հետաձգել մինչև կառաջանան խնդիրներ, հատկապես՝ ցավային զգացողություններ. այլապես ստոմատոլոգին այցելելը երեխան կասոցացնի բացասական էմոցիաների, վախի հետ, ինչն ավելորդ սթրես է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։

Կաթնատամներում հիվանդագին պրոցեսները շատ ավելի արագ են զարգանում և ինֆեկցիան արագ է խորանում. ատամը սկսում է ցավել, շուրջատամնային լինդն այտուցվում է։ Պարբերական այցերի շնորհիվ, խնդիրների վաղ ախտորոշումը թույլ կտա իրականացնել ավելի պարզ, արագ, անցավ, ինչպես նաև՝ ավելի էժան պրոցեդուրաներ։

 

Պ՞ետք է բուժել կաթնատամները։

Ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ կարիեսը։

Ինչպիսի՞ խնդիրների պատճառ կարող է դառնալ կարճ սանձիկը։

Ե՞րբ պետք է զբաղվել երեխայի կծվածքով։

 


Պ՞ետք է բուժել կաթնատամները։

Հաճախ շրջանառվող տեսակետներ են, թե կաթնատամները բուժելու կարիք չկա, միևնույն է հետագայում դրանց կփոխարինեն մշտական ատամները կամ որ պետք է հեռացնել կաթնատամները, որպեսզի դրանց տեղում ծկթեն մշտականները։ Միանգամից ասենք՝ սխալ մոտեցում է: Իրականում, մշտական ատամների վիճակը մեծապես կախված է կաթնատամներից։

Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։

Երեխան լայն բացել է բերանը ատամնաբույժի մոտ։

Արդյունքում, մշտական ատամները կծկթեն արդեն իսկ անառողջ՝ հանգեցնելով կծվածքի ձևափոփոխման, մշտական ատամների սխալ դիրքով ծկթման և այլ խնդիրների, որոնք հետագայում բացասական ազդեցություն կունենան մշտական կծվածքի, ծնոտների, դիմային կմախքի ոսկրերի, խոսքի զարգացման վրա։ Խնդիրներ կծագեն նաև երեխայի սնվելու, արտաքին տեսքի հետ կապված, և ի վերջո դա կբերի տարբեր տեսակի բարդույթների զարգացման։

 

Ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ կարիեսը։

Ծամիչ ատամների ծամողական մակերեսին գտնվող ակոսները՝ Ֆիսուրները, խորը լինելու պարագայում դառնում են սննդի կուտակման օջախներ, քանի որ նույնիսկ խոզանակով կանոնավոր մաքրման դեպքում, դրանց հիգիենան պահպանելը բավականին բարդ է: Դա վտանգավոր է հատկապես նոր ծկթած ատամների դեպքում, քանի որ դեռ ավարտված չէ այդ ատամների լիարժեք հանքայնացումը։

Խնդիրներից խուսափելու համար խարհուրդ է տրվում կատարել ակոսների փակում՝ ֆիսուրների հերմետիզացիա:

Կաթնատամներ

Ֆիսուրների հերմետիզացիան դեռևս անպաշտպան ատամների կարիեսի կանխարգելման մեթոդ է. հերմետիկները կատարում են մեխանիկական պատնեշի դեր: Բացի այդ, հերմետիկները պարունակում են հատուկ նյութեր, որոնք ժամանակի ընթացքում արտազատվելով ամրացնում են նոր ծկթած ատամները։

Մանկական ստոմատոլոգին հերթական այցի ժամանակ, դեմիներալիզացիայի` ապահանքայնացման օջախների (կարող է արտահայտվել ատամների վրա սպիտակավուն, կավճանման բծերի տեսքով) հայտնաբերման դեպքում ցուցված է կատարել ռեմիներալիզացիոն թերապիա կամ ատամների ֆտորացում հատուկ ֆտոր պարունակող նյութերով։ Սա ևս համարվում է կարիեսի կանխարգելիչ միջոցառում։

 

Ինչպիսի՞ խնդիրների պատճառ կարող է դառնալ կարճ սանձիկը։

Բերանի խոռոչի կարճ սանձիկը հազվադեպ հանդիպող խնդիր չէ։ 

Սանձիկը ուղղահայաց ծալքն է, որը վերին և ստորին շրթունքները միացնում է համապատասխանաբար վերին և ստորին լնդերին: Լեզվի սանձիկը բարակ լորձաթաղանթային ծալքն է, որը ձգվում է լեզվի ստորին մակերեսի կենտրոնական հատվածի երկայնքով։ 5 տարեկանում լեզվի սանձիկի երկարությունը ձգված վիճակում մոտավորապես 1,5 սմ. է։

Աղջկա բերանը բաց՝ ատամնաբույժի մոտ։

Սանձիկների կարճ լինելու դեպքում ցուցված է փոքր միջամտություն՝ հատում, այլապես կարող են հանգեցնել ատամնածնոտային համակարգի զարգացման խանգարումների, կարող է դժվարանալ ատամների հիգիենան՝ հանգեցնելով պարօդոնտալ խնդիրների և այլն։

Հատկապես վերին շրթունքի կարճ սանձիկի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել օրթոդոնտի հետ։

 

Ե՞րբ պետք է զբաղվել երեխայի կծվածքով։


Կա թյուր կարծիք, թե երեխայի կծվածքով պետք է զբաղվել կաթնատամները մշտականներով լիարժեք փոխարինելուց հետո միայն։

Իրականում երեխայի կծվածքի ճիշտ զարգացման գործին պետք է ձեռնամուխ լինել հենց այն ժամանակ, երբ նկատում ենք խնդրի առկայությունը։ Սխալ կծվածքը բերում է ինչպես կոսմետիկ խնդիրների, այնպես էլ ատամների, դրանք պահող համակարգի, լնդերի վնասման։ Պատճառն այն է, որ սխալ դիրքում գտնվող ատամներն ավելի շատ են հակված տարբեր հիվանդությունների և դրանց հետևանք հանդիսացող ատամների կորստի:

Այսպիսով, պրոֆիլակտիկ այցը օրթոդոնտի կաբինետ պետք է կատարվի քանի դեռ երեխան 6-7 տարեկան է: