Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես է զարգանում երեխան

Ծնվելով՝ երեխաները հայտնվում են մի աշխարհում, որը լի է սպասելիքներով, հաստատված նորմերով, դիրքորոշումներով, հավատալիքներով, արժեքներով, ավանդույթներով և իրադարձությունների նկատմամբ կայուն վերաբերմունքի ձևերով: Նրանց սպասվում է հարուստ մշակութային և սոցիալական ժառանգություն:

Կյանքի առաջին տարիներին կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. ոչինչ չիմացող, անզոր փոքրիկները դառնում են ակտիվ հետազոտողներ, սկսում են քայլել, ավելի լավ հասկանալ շրջապատող աշխարհը և գիտակցել, թե ինչպես կարող են ազդել նրա վրա: Նրանք տեսնում են նաև, թե ինչպես է այդ աշխարհն արձագանքում իրենց գործողություններին, համոզվում են, որ կարող են իրենց ինչ-ինչ պահանջներ բավարարել ինքնուրույն կամ դիմել օգնության, սկսում են հասկանալ՝ ինչն է լավ, ինչն է վատ:

Երեխայի անձի զարգացումը մեծապես կախված է մտերիմ մեծահասակի հետ շփումից: Կյանքի ընթացքում մարդիկ ունենում են իրենց համար նշանակալի և կարևոր միջանձնային հարաբերություններ: Երեխան մեծահասակի հետ շփվելու ընթացքում ձեռք է բերում մարդկության փորձը: Այդ շփման ընթացքում մեծահասակն ազդում է երեխայի վրա, նրա առջև խնդիրներ է դնում, այդ խնդիրները կատարելու դեպքում երեխան կամ խրախուսվում է, կամ պատժվում, և դրանով իսկ որոշ գործողություններ ամրապնդվում են կամ չեն ամրապնդվում:

Հայրենական հոգեբանության մեջ զարգացումը դիտարկվում է՝ որպես երեխայի կողմից մարդկության կուտակած գիտելիքների, փորձի ձեռքբերում կամ յուրացում, որտեղ այդ փորձի կրողը սկզբնական շրջանում մտերիմ մեծահասակն է:

Շփման միջոցով մեծահասակները (առաջին հերթին՝ ծնողները) ազդում են երեխայի վրա: Այդ ազդեցության ուղիները կարող են տարբեր լինել: Կարևոր է, որ մեծահասակը ընկալվում է որպես անձ՝ հասարակության ներկայացուցիչ, երբ ազդում է երեխայի վրա, նրա առջև ինչ-որ բան իմանալու, ինչ-որ հմտություններ յուրացնելու պահանջներ կամ խնդիրներ է դնում: Առաջադրանքի կատարումը, որպես կանոն ընդունվում է կամ գոհունակությամբ կամ դժգոհությամբ, այսինքն՝ այն ամրապնդվում է, կամ չի ամրապնդվում: Այս վերաբերմունքը՝ մեծահասակի գնահատականը, նույնպես մտնում է շփման շրջանակի մեջ և երեխայի վրա ազդեցության ձևերից մեկն է: Բացի այդ՝ երեխայի շփումը մեծահասակի հետ ազդեցություն է գործում նաև նրա անմիջական հաղորդակցման ոլորտի վրա՝ խոսքի յուրացման, անձի զարգացման, անձի ինքնագիտակցության վրա, ինչպես նաև հասակակիցների շրջանում ընկերական կապվածությունների ձևավորման վրա:

Երեխայի շփումը մեծահասակի հետ սկզբունքային նշանակություն ունի, և տարբերվում է երեխաների՝ իրար հետ շփվելուց: Երեխա-մեծահասակ շփման մեջ կարևոր և առաջնային դեր ունի մեծահասակը: Մեծահասակի խոսքերն ու արարքներն են որոշում երեխայի հետ փոխներգործության հետագա զարգացման բնույթը:  Մեծահասակի սխալներն են, որ հետագայում պատճառ են դառնում նրանց կոնֆլիկտների համար: Մեծահասակների հետ շփման պակասը վաղ զարգացման փուլերում բացասական է անդրադառնում երեխայի ոչ միայն մտավոր, այլ նաև անձի զարգացման համար:

Ուշադրության պակասը, երեխային անտեսելը կարող են բերել նևրոտիզացիայի, հոգեկան, հոգեբանական, հոգեմարմնական հիվադությունների, խորը անձնային շեղումների: