Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով սնուցման դժվարություններ

Երբեմն մայրերն անհանգստանում են, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում, հատկապես եթե նա շատ է լաց լինում, հաճախակի կամ երկարատև կերակրում­ներ է պահանջում, կերակրումից հետո բավարարված չի թվում ու նյարդայնանում է կամ հրաժարվում կրծքից: Սակայն այս նշանները ոչ միշտ են վկայում այն մասին, որ երեխան բավականաչափ կաթ չի ստանում: Ավելի հավաստի նշաններ են երեխայի քաշի ավելացումը և միզելու հաճախականությունը:

Սակայն հիշե՛ք, որ երեխաները աճում են անհատական տեմպերով: Բոլորովին առողջ որոշ երեխաներ կարող են 1-2 շաբաթ քաշը քիչ ավելացնել, հետո հաճախ կերակրվել և լրացնել բաց թողածը:

Եթե դուք երեխային կերակրում եք միայն կրծքով, ջուր չեք տալիս, և նա օրվա ընթացքում միզում է 6 անգամ կամ ավելի հաճախ, իսկ մեզն անգույն է կամ բաց դեղնավուն, ուրեմն երեխան բավարար քանակությամբ կաթ է ստանում:

Երեխային ջուր կամ այլ հեղուկներ տալու դեպքում այս նշանը կորցնում է իր նշանակությունը: Ջուրը արտաթորվում է մեզի ձևով, նույնիսկ եթե երեխան բավականաչափ կաթ չի ստանում:

Առողջ երեխայի աճը կարող է տատանվել աճի միջին արժեքներից՝ ինչպես բարձրի, այնպես էլ ցածրի կողմը: Եթե Ձեր երեխայի քաշի ավելացումն ավելի քիչ է, պետք չէ խուճապի մատնվել և երեխային արհեստական սնունդ տալ: Պետք է ավելի հաճախ կերակրել և ստուգել՝ արդյո՞ք երեխան ճիշտ դիրքում և արդյունավետ է ծծում, թե՞ ոչ:

Ցանկացած տարիքում երեխան հանկարծ կարող է մի քանի օր ավելի քաղցած թվալ և պահանջել հաճախակի կերակրել: Երեխային հաճախակի և ճիշտ դիրքով կերակրելը կավելացնի մոր կաթնարտադրությունը: Այդպիսով, երեխան կարող է կարգավորել իր պահանջարկն ու առաջարկը (մոր կողմից արտադրվող կաթի քանակը):

Հարկ չկա մտահոգվելու կաթի որակի կամ քանակի մասին, քանի որ կրծքի կաթն անընդհատ փոփոխվում է՝ միշտ հարմարվելով երեխայի պահանջներին, իսկ ըստ պահանջի և ճիշտ դիրքում երեխային կերակրելը ապահովում է կաթի բավարար քանակը:

Հիշե՛ք՝ գրեթե բոլոր կանայք (97%) բավականաչափ կաթ ունեն իրենց երեխային (անգամ զույգերին) մինչև 6 ամսականը բացառապես կրծքով կերակրելու համար:

Կարևոր է առաջին 1000 օրը