Skip to main content
Հետադարձ կապ

18 ամսական երեխայի զարգացման փուլերը

18 ամսականում երեխան արդեն քայլում է և օգտագործում է պարզ բառեր: Այս տարիքում երեխաները սիրում են խաղալ և ուսումնասիրել: Նրանք սկսում են որոշակի ինքնուրույնություն դրսևորել, կարող են երևակայական խաղեր խաղալ և մատնանշել իրենց ուզած առարկաները: Նրանք նաև սկսում են հասկանալ ինչ նպատակով են օգտագործվում կենցաղային տարբեր իրերը, օրինակ` բաժակ կամ գդալ: Երեխան այս տարիքում կարող է լինել կամակոր և զայրույթի պոռթկումներ ունենալ, որը պայմանավորված է հույզերն արտահայտելու անկարողությամբ:

18 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

18 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • կարող է վախենալ անծանոթ մարդկանցից, իսկ ծանոթներին ընդունել ջերմությամբ,
  • մատով ցույց է տալիս որևէ բան` իր հետաքրքրությունն արտահայտելու համար,
  • սիրում է խաղալ պարզ երևակայական խաղեր կամ մարդկանց տալիս է իրեր,
  • կարող է երբեմն զայրույթի պոռթկումներ ունենալ,
  • նոր իրավիճակներում կարող է կպչել խնամակալներին կամ ծնողի ներկայությամբ ինքնուրույն ուսումնասիրել: 

Հուշումներ ծնողների համար

  • Հնարավորություններ գտեք խաղալու ձեր փոքրիկի հետ:
  • Գովեք երեխային, երբ նա կարեկցանքի նշաններ է արտահայտում` իր խաղալիքը տալով, խաղալիքներին խնամքով վերաբերվելով կամ ուրիշ մարդկանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերելով: Այդ ամենն օգնում է սոցիալական և հուզական զարգացմանը: 

18 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է ձեր փոքրիկն արտահայտում իր կարիքները.

  • շարժում է գլուխը` ասելով «ոչ»,
  • կարող է ասել մի քանի բառ,
  • մատով ցույց է տալիս ինչ է ուզում:

Հուշումներ ծնողների համար

  • Ուշադիր եղեք ձեր փոքրիկի մատնանշած իրերին, դարձրեք դա լեզվի զարգացման հնարավորություն` ասելով իրերի անունները:

18 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • նա ճանաչում է ամենօրյա օգտագործման պարագաները,
  • մատով ցույց է տալիս` ուշադրություն գրավելու համար,
  • ձևացնում է, որ կերակրում է իր սիրելի փափուկ խաղալիքներին,
  • կարողանում է մատով ցույց տալ մարմնի մասերը,
  • կարողանում է հետևել պարզ հրամաններին` առանց ժեստերի:

Հուշումներ ծնողների համար

  • Ձեր փոքրիկին ապահովեք խաղալիքներով` երևակայական խաղեր խաղալու համար:

18 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • կարողանում է ինքնուրույն քայլել,
  • օգնում է շորերը հանելիս,
  • ուտելիս օգտագործում է գդալ, պատառաքաղ և այլն,
  • կարող է սկսել աստիճաններ բարձրանալ,
  • քայլելիս խաղալիքներ է քարշ տալիս:

Հուշումներ ծնողների համար

Երեխային ոգևորեք մասնակցել ամենօրյա գործողություններին, օրինակ` հագնվելուն:

18 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը

18 ամսական երեխայի կերակուրները

  • փորձում է ուտել ճզմած կամ կտրտած ավելի կոշտ սնունդ, օր.` հավ,
  • կարող է բռնել և խմել բաժակից:

Հուշումներ ծնողների համար

  • Ուտելու համար երեխային շատ ժամանակ տրամադրեք: Նա հիմնականում կկարողանա ուտել այն ուտելիքները, որոնք մեծահասակներն են ուտում, և հեշտությամբ կօգտվի սպասքից:   

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 18 ամսական երեխան.

  • չի կարողանում քայլել,
  • մատով ցույց չի տալիս,
  • չի փորձում կրկնօրինակել ուրիշներին,
  • չի սովորում նոր բառեր,
  • չի կարողանում ասել առնվազն վեց բառ,
  • չի նկատում երբ ծնողը գնում կամ վերադառնում է,
  • կորցնում է նախկինում ձեռք բերած հմտությունները: