Skip to main content
Հետադարձ կապ

Դաստիարակության 4 հիմնարար կանոն իմաստուն ծնողի կողմից

Երեխային պետք է գովել չափի մեջ:  Միշտ էլ կլինեն նրանից առավել ուժեղ և խելացի երեխաներ: Երեխային պետք է գովել իր կարողությունների և ունեցած գիտելիքների համար: Եթե հարևանի երեխայի մոտ մի բան ավելի լավ է ստացվում, դա դեռ չի նշանակում, որ պետք նախատեք ձեր երեխային:

Պետք չէ երեխային բարձրաձայն համեմատել այլ երեխաների հետ: Հարևանի երեխաների հաջողությունների մասին պատմություններն ընդունեք որպես փաստ: Եթե, օրինակ, երեխայի ներկայությամբ խոսվում է այն մասին, որ հարևանի երեխան օլիմպիադայում առաջին տեղն է զբաղեցրել, ապա հանգիստ շնորհավորեք տվյալ երեխայի ծնողներին, հետո քննարկեք հաջողությունը ձեր երեխայի հետ, առանց ափսոսանք հայտնելու, որ ինքը չի հաղթում, կամ առավել ևս նշելու, որ կուզենայիք ինքն էլ նման արդյունքներ ցույց տար: Երեխան պիտի տեսնի և կարողանա ուրախանալ այլոց հաջողություններով: Դա շատ կարևոր է:  

Շանտաժի մի ենթարկեք երեխային: Մեկընդմիշտ բացառեք ձեր բառապաշարից այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «այս ամենը ես արել եմ հանուն քեզ, իսկ դու…», «ես հոգ եմ տարել քո մասին, իսկ դու…»: Այս երևույթը կոչվում է շանտաժ, և ամոթանք տալու, թերևս, ամենից անարդարացի մեթոդն է: Եվ ամենից անարդյունավետը, քանի որ երեխաների գրեթե 99 %-ն ի պատասխան ասում է հետևյալը. «Իսկ քեզ  ով էր խնդրել ինձ լույս աշխարհ բերել»:

Մի պարզաբանեք ձեր և ձեր երեխայի հարաբերությունները այլ մարդկանց ներկայությամբ: Եթե դուք հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ երեխան ստիպել է ձեզ կարմրել (օրինակ՝ երեխան անքաղաքավարի է վարվել մեծահասակի նկատմամբ, խանութում իրեն անկարգ է պահել), պետք է նրան անմիջապես դուրս բերել «միջադեպի վայրից»: Սեփական արժանապատվության զգացումը բնորոշ է ոչ միայն մեծահասակներին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ խոսակցությունն ընթանա առանց ավելորդ վկաների: Դրանից հետո հանգիստ բացատրեք երեխային, թե ինչու այդպես «չի կարելի» անել՝ փորձելով նաև պարզել տեղի ունեցածի շարժառիթը: Տվյալ պարագայում տեղին կլինի երեխային ամոթանք տալը, ինչպես նաև հիշեցնելը, որ նման վարքն անթույլատրելի է:  Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ չափի զգացողության մասին: Բացի այդ, դաստիարակությունը բավականին երկարատև գործընթաց է, ուստի պետք չէ սպասել ակնթարթային արդյունքների: