Skip to main content
Հետադարձ կապ

Հաղթահարել կորոնավիրուսն ու շարունակել կրծքով կերակրել

Ուրսուլան երկվորյակ դստրիկների մայր է: Բալիկների հետ միասին արդեն հաղթահարել են Քովիդ 19-ը:

Մոտ 3 ամիս առաջ իր և աղջիկների թեստերի դրական արդյունքները տեսնելուց հետո երիտասարդ մայրիկը նախ՝ տագնապ է ապրել, ապա՝ շատ արագ հավաքվել է, հստակ պատկերացրել խնդիրն ու սկսել դրա հաղթահարման ուղղությամբ աշխատանքը:

Նա շատ կարևոր է համարում մանկաբույժի հետ աշխատանքը: Վարակի մասին իմանալուց հետո առաջին քայլը, որն արել է՝ զանգ բժշկին: Մանկաբույժի հիմնավոր և հավասարակշռված պարզաբանումներն ու խորհրդատվությունն օգնել է, որ երիտասարդ մայրիկը չտրվի վախերին, կարողանա սթափ գնահատել իրավիճակը և հաղթահարել հիվանդությունը:

Ուրսուլան մտադիր չի եղել դադարեցնել կրծքով կերակրումը, իսկ մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո՝ է՛լ ավելի է ամրապդնվել նրա՝ կրծքով կերակրելը շարունակելու որոշումը: Բժիշկը բացատրել է, որ կրծքով կերակրումը դադարեցնելու դեպքում երեխայի առողջության համար հավանական ռիսկերն ավելի շատ են, քան կաթի միջոցով վարակի փոխանցումը: Իհարկե, կարևոր նախապայման է եղել, որ կերակրման գործընթացն իրականացվի անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:

Բուժման ողջ ընթացքում ամուսինն Ուրսուլայի կողքին է եղել, քաջալերել ինչով կարող է: Երկվորյակների ծնողները հավասար կրել են բուժման ողջ բեռը: Ուրսուլան ասում է, չի պատկերացնում՝ ինչ կաներ առանց ամուսնու ֆիզիկական ու հոգեբանական աջակցության:

Հիվանդության ու իր ապրումների մասին արդեն անցյալով խոսելով, Ուրսուլան ուզում է կիսվել իր փորձով:

Համավարակի շրջանում բոլոր կանոնները պահած մայրիկը, որ գրեթե բացառել է իր հիվանդանալու հնարավորությունը, հիմա փաստում է. որևէ մեկը ապահովագրված չէ դրանից: Հիվանդանալն ամոթ չէ, ամոթ է դրա մասին լռելն ու բացի սեփականից նաև այլոց առողջությունը վտանգելը:

Վախը, չիմացությունը, անորոշությունն ու խուճապը վատագույն «խորհրդատուներն» են, ասում է Ուրսուլան: Աշխարհին անհայտ այս վիրուսը, տնային միջոցներով, հարևան-բարեկամների «դեղատոմսերով» բուժել չի կարելի: Ըստ նրա, կարևոր է պրոֆեսիոնալի օգնությունը:

Նա խորհուրդ է տալիս շատ կարդալ, տեղեկանալ վիրուսի ու դրա հնարավոր հետևանքների մասին, բայց միայն հավաստի աղբյուրներից, չտրվել վախերին, չկորցնել զգոնությունն ու հանգիստ, հավասարակշված պայքարել վարակի դեմ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը միացել են այս պայքարին և գալիք ամիսներին շարունակելու են տրամադրել վստահելի և հավաստի տեղեկատվություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բեյբիսեֆ և սոցիալական մեդիայի հարթակներում:

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մենք արդեն առողջապահության նախարարությանն ենք տրամադրել Քովիդի ախտորոշման տասը հազար /10.000/ թեստ, 24 թթվածնային սարք և 2000 թթվածնի խտացուցիչ սարք: Շուտով ՀՀ հինգ մարզերում /Լոռի, Շիրակ, Տավուշ, Արագածոտն, Գեղարքունիկ/, իսկ այնուհետև մնացած բոլոր մարզերում հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ սարքերով՝ 500 դիսպենսերներով կապահովվեն առաջնային առողջապահական հաստատություններն ու ծննդատները:

#ՄիասինԸնդդեմԿորոնավիրուսի

 

Դիտե՛ք տեսանյութը


Տեսանյութը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: