Skip to main content
Հետադարձ կապ

Երբ երեխան դժվարությամբ է ընկերանում

Ընկերությունը կյանքի բնական, առողջ մասն է կազմում: Այդուհանդերձ, որոշ երեխաներ բավականաչափ վստահ չեն կամ էլ այնքան վատ պատկերացում ունեն իրենց մասին, որ համոզված են, թե իրենք չեն կարող որևէ մեկին դուր գալ: Չարացած, թշնամական վարքը սովորաբար խոսում է այն մասին, որ երեխայի ինքնահարգանքը ցածր է: Ուրիշներին վիրավորելը նրան ժամանակավորապես ուժի զգացում է պարգևում, սակայն արդյունքում հանգեցնում է ընկերների կորստին:

Ընկերական հարաբերությունների հաստատման օրինաչափությունները տարբեր երեխաների մոտ տարբեր կարող են լինել. ոմանք կարող են նախընտրել շատ ընկերներ ունենալ, ոմանք՝ ավելի քիչ, բայց ավելի սերտ հարաբերություններ: Բոլոր տարբերակներն էլ լավ են, քանի դեռ երեխան ընկերներ ունի:

Խնդրին նպաստող հանգամանքները

Երեխաներին ընկերական հարաբերությունների հաստատման փորձ է անհրաժեշտ:

Եթե ձեր երեխան միակն է ընտանիքում կամ նախադպրոցական տարիքի է, հնարավորություն ստեղծեք, որ նա հանդիպի ուրիշ երեխաների հետ, մտածեք նրան որևէ դասընթացի կամ խմբակի մեջ ընդգրկելու մասին:

Եթե երեխան դպրոցական տարիքի է, բայց ընկերներ չունի, նշանակում է՝ այստեղ խնդիր կա: Թույլ չտաք, որ երեխան թյուրիմացության մեջ գցի ձեզ՝ պնդելով, թե չի ցանկանում խաղալ ուրիշ երեխաների հետ և ավելի հաճույքով մենակ կմնա: Անշուշտ ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ մենակ մնալու կարիք է զգում, սակայն ընկերներ չունեցող երեխան դժբախտ երեխա է:

Խոսեք երեխայի ուսուցչի հետ և փորձեք հասկանալ խնդրի ակունքները, որպեսզի կարողանաք լուծել այն: Երեխաները պետք է սովորեն լավ ընկեր լինել: Նրանք զգում են, որ դա ինչ-որ ձևով կապված է միմյանց հանդեպ բարի և հավատարիմ լինելու, միասին հաճելի ժամանակ անցկացնելու հետ, բայց ծնողները միշտ կարող են ավելի կոնկրետ խորհուրդներով հանդես գալ:

Ի՞նչ կարող են անել ծնողները

  • Ասացե՛ք երեխային, որ բոլորին հաճելի է լավ բաներ լսել իրենց մասին, այնպես որ լավ կլիներ ասել ընկերներին, թե ինչն է, որ իրեն դուր է գալիս նրանց մեջ, կամ էլ ինչն են նրանք լավ անում:
  • Խորհուրդ տվե՛ք վատ բաներ չասել մարդկանց մասին միայն նրա համար, որ ավելի լավ զգաս քեզ: Բացատրեք, որ նույնիսկ եթե մեկը, որի մասին խոսում ես, քո ընկերը չէ, այն ընկերը, որի հետ միասին բամբասում եք, կարող է մտածել, որ մեկ այլ առիթով նույնը կարող ես անել նաև իր մասին: Խորհուրդ տվեք երեխային միայն լավ բաներ ասել մարդկանց մասին: Այդպիսով նա ոչ մեկին չի վիրավորի և դուր կգա շատ ավելի մեծ թվով մարդկանց:
  • Հիշեցրե՛ք երեխային, թե ինչքան է նրան դուր գալիս, երբ որևէ մեկը լսում է իրեն: Դա թույլ է տալիս զգալ սեփական կարևորությունը: Երեխան պետք է հասկանա, որ երբ ինքը լսում է իր ընկերներին, նրանք էլ իրենց են կարևոր զգում:
  • Ասացե՛ք երեխային, որ զգույշ լինի խոստումներ տալիս: Դրանք խախտելը շատ հեշտ է, իսկ արդյունքում՝ հնարավոր է՝ ընկեր կորցնես:
  • Եթե երեխան համոզված չէ, որ կարող է պահել գաղտնիքը, ապա ավելի լավ է զգուշացնի ընկերոջը, որ իրեն գաղտնիք չասեն:
  • Երեխան պետք է հասկանա, որ գրեթե ոչ ոք ի վիճակի չէ գաղտնիք պահել: Եթե նա իր ընկերոջը կարևոր գաղտնիք վստահի, ապա շատ հավանական է, որ այն հայտնի կդառնա շատ մարդկանց:
  • Երեխան պետք է հասկանա ընկերների հետ շփվելու և նրանց հետ քաղաքավարի վարվելու կարևորությունը:
  • Թույլ չտաք, որ երեխան ինչ-որ երեխաների դուրս թողնի ընդհանուր խաղից: Բոլորն էլ իրավունք ունեն հաճույք ստանալ:
  • Երեխան պետք է հասկանա, որ եթե ընկերները վիրավորում են իրեն կամ չար են իր հանդեպ, ապա ժամանակն է պաշտպանել սեփական իրավունքները կամ էլ այլևս չխաղալ նրանց հետ:
  • Ասացե՛ք երեխային, որ վեճում չպարտվելու լավագույն միջոցը հնարավորության դեպքում դրանից խուսափելն է:
  • Երբ երեխան զայրացած է ընկերոջ վրա, ասացե՛ք, որ բացատրի ընկերոջը, թե որն է խնդիրը: Խորհուրդ տվե՛ք լինել հանգիստ, անուններ չկպցնել և չվերսկսել հին վեճը:
  • Երեխան պետք է հասկանա, որ կարևոր է ընկերոջը հնարավորություն տալ, որպեսզի պատմի իր սրտում եղածը: Խորհուրդ տվե՛ք ուշադիր լսել ընկերոջը: Եթե ընկերը վերհիշի վաղուց եղած-անցած բաները, թող պատմի որ դա այս վեճի առարկան չէ:
  • Շեշտե՛ք, որ սեփական սխալը գիտակցելուց հետո շատ կարևոր է այն ընդունել կարողանալը:
  • Օգնենք երեխային ընկերների հետ համատեղ այնպիսի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:
  • Ասացե՛ք, որ երբ ընկերը ներողություն է խնդրում, ապա լավ է անմիջապես ընդունել նրա ներողությունը և շարունակել խաղը:
  • Եթե երեխան զայրացած է բաժանվել ընկերոջից, խորհուրդ տվե՛ք հաջորդ հանդիպման ժամանակ պարզապես ժպտալով բարևել նրան: Թերևս ընկերը նույնպես կցանկանա մոռանալ կատարվածը:
  • Եթե երեխայի ընկերը չի խոսում նրա հետ, շուրջը պտտվելու փոխարեն օգնե՛ք, որ նա իր խաղի համար գտնի մեկ ուրիշին:
  • Ընկերների միջև մրցակցությունը մի՛ խրախուսեք:
  • Թո՛ւյլ տվեք, որ երեխան ինքը ընտրի իր ընկերներին և խաղա այնքան ժամանակ, որքան նրանք իրար հետ լեզու կգտնեն: Միջամտե՛ք, երբ կռիվներ կամ վեճեր սկսվեն:
  • Երեխային ինքնատիրապետման մեթոդներ սովորեցրե՛ք, ասենք՝ հաշվել մինչև 3-ը կամ արտասանել այբուբենը: